Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում նոր խմբեր ձևավորվում են հիմնականում սեպտեմբերին, որից հետո ընդունելությունը շարունակում է կատարվել յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրերին՝ խմբերում թափուր տեղերի առկայության դեպքում:
Այդ մանկապարտեզներում կարող են հերթագրվել տվյալ օրացուցային տարում մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ 2 տարեկանը լրացող և մինչև 6 տարեկան երեխաներ:
Առցանց հերթագրման դիմում կարող է ուղարկել երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը՝ գրանցվելով mankapartez.yerevan.am կայքում: Գրանցումը կատարվում է մեկ անգամ և հնարավորություն է տալիս օգտվողին հետևել դիմումի կարգավիճակին ու առցանց հերթագրված երեխայի հերթին: Հերթագրման համար անհրաժեշտ են՝
- երեխայի ծննդյան վկայականը կամ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքը,
- ծնողի անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հաշվառումը հիմնավորող փաստաթուղթ՝ անձնագիր կամ ոստիկանության անձնագրային բաժանմունքի կողմից տրված հաշվառման տեղեկանք:
Առցանց հերթագրման համար ծնողը գրանցվում է կայքում և լրացնում դիմումը՝ կցելով նշված փաստաթղթերի պատճենները: Մանկապարտեզում հերթագրվելու դեպքում ծնողը ներկայացնում է նույն փաստաթղթերի բնօրինակները և լրացնում դիմում:
Առցանց հերթագրման դիմում ուղարկելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այն, մշակման փուլ անցնելով, հաստատվում կամ մերժվում է: Մանկապարտեզում հերթագրման դիմում գրելու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է երեխայի հերթագրումը համակարգում: Երեխայի հերթը հասնելու պարագայում ծնողի հետ կապ է հաստատվում դիմումի մեջ նշված կոնտակտային տվյալներով: Դիմումի մեջ նշված հեռախոսահամարին կատարվում է զանգ, բջջային համարին ուղարկվում է կարճ հաղորդագրություն, էլեկտրոնային հասցեին՝ ծանուցման նամակ:
Անհրաժեշտ է մեծ ուշադրությամբ լրացնել կոնտակտային տվյալները, որպեսզի ընդունելության ժամանակ հնարավոր լինի կապ հաստատել ծնողի հետ:
Ծնողը երեխայի հերթին հետևելու համար կարող է մուտք գործել կայք:
Կայքի գլխավոր էջի՝ «Հետևել հերթին» հատվածում անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզը, օրացույցի օգնությամբ նշել հերթագրված երեխայի ծննդյան օր/ամիս/տարի տվյալները և մուտքագրել ծննդյան վկայականի սերիան ու համարը՝ 2 հայերեն տառ, 6 թվային նիշ հաջորդականությամբ և առանց բացատ, օրինակ՝ ԱԱ000000: Բացված էջում հնարավոր է տեսնել նշված մանկապարտեզի տվյալ տարեթվի հերթը և երեխայի անուն ազգանունն իր հերթական համարի տակ: Եթե հերթագրումը կատարվել է առցանց, հերթին կարելի է հետևել՝ մուտք գործելով օգտատիրոջ անձնական էջ և բացելով «Հերթագրված երեխաներ» հղումը:
Հերթագրման ցանկի գույներն ունեն կոնկրետ նշանակություն:
Կանաչով եզրագծված են հերթագրման այն էջերը, որտեղ արդեն լրացել կամ տվյալ օրացուցային տարում լրանալու է երեխայի 3 տարեկանը: Կապույտով եզրագծված են այն էջերը, որտեղ արդեն լրացել կամ տվյալ օրացուցային տարում լրանալու է երեխայի 2 տարեկանը: Նարնջագույնով ներկայացված են այն հերթագրման ցանկերը, որտեղ առկա է արտահերթությամբ ընդունվելու իրավունք ունեցող երեխա:
Հերթագրումը փոխելու համար անհրաժեշտ է երեխայի ծննդյան վկայականով և ծնողի անձնագրով մոտենալ նախընտրած մանկապարտեզ և գրել նոր հերթագրման դիմում: Այդ մանկապարտեզում երեխան կհերթագրվի, իսկ նախորդ հերթը կկասեցվի ավտոմատ կերպով: Գործընթացն առցանց չի կատարվում:
Ի դեպ, արտահերթության իրավունքից օգտվող երեխային հերթագրելուց հետո հարկավոր է հիմք հանդիսացող փաստաթղթերը ներկայացնել մանկապարտեզ, որտեղ դրանք կկցվեն երեխայի հերթագրման էջին և կուղարկվի արտահերթության հայտ: Հիմքերի ստուգումից հետո հայտը հաստատվում կամ մերժվում է: Հաստատման դեպքում արտահերթությամբ ընդունվելու իրավունք ունեցող երեխայի էջը եզրագծվում է նարնջագույնով:
Արտահերթության իրավունք տրվում է այն երեխային, որը երկկողմանի ծնողազուրկ է, ունի զինծառայող ծնող, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնող, երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքից է, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք կամ հաշմանդամություն ունեցող է, տվյալ մանկապարտեզում ընդգրկված քույր, եղբայր ունի կամ տվյալ մանկապարտեզի աշխատակցի երեխա է, զոհված զինծառայողի երեխա է: Արտահերթության համար դիմելու գործընթացը ևս առցանց չի կատարվում:
Աղբյուրը՝ mankapartez.yerevan.am