Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 161 մանկապարտեզներ հաճախում է 22-23 հազար երեխա: 7000-ից ավելի երեխաներ էլ հերթագրված են ընդունվելու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության բաժնի պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, մանկապարտեզներում նույնիսկ խմբեր կան, որտեղ 40-45 երեխա է հաճախում:
Աչոյանի խոսքով` ամռան շրջանում քաղաքապետարանի համապատասխան վարչություններն ամենօրյա վերահսկողություն են իրականացնում մանկապարտեզներին մատակարարվող սննդի ոլորտում:
«Պահեստից սննդի դուրս բերումից սկսած` մեր մասնագետները վերահսկողություն են իրականացնում: Ստուգվում է նաեւ պահեստում եղած սնունդը»,-ասաց նա:
Աչոյանը նշեց, որ սննդի տեսակներ կան, որոնցով չի կարելի կերակրել երեխաներին, օրինակ` երշիկեղենը, ձկնեղենը, աղացած մսով ուտեստները:
Հանրակրթության բաժնի պետը նշեց, որ մանկապարտեզների սանիտարահիգիենիկ վիճակը նույնպես մշտական հսկողության տակ է:
«Մենք չունենք մի որեւէ մանկապարտեզ, որն ապահովված չէ ջեռուցման համակարգով: Հաջորդ ծրագիրը լինելու է մանկապարտեզներում սանհանգույցների բարեկարգումը»,-ասաց նա:



