Չափահաս մարդու օրգանիզմի 60-70%-ը բաղկացած է ջրից, երեխայի օրգանիզմի՝ 80%-ը: Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ մեր օգտագործած ջուրը լինի անվտանգ և օգտակար։
Մենք լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 6 տեսակի ջուր, որից՝ 4-ը մանկական և 2-ը՝ սովորական շշալցված ջուր և պարզել, որ դրանցից միայն 2 են համապատասխանում սահմանված նորմերին: Ավելին՝ նմուշներից երկուսում եղել է ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, իսկ մեկում՝ պսևդոմոնաս աէրոգինոզա մանրէ:
Մանկական ջրեր՝ առանց պարտադիր պետական գրանցման
Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս երեխայի ծննդյան առաջին օրերից կերակրել բացառապես կրծքի կաթով՝ առնվազն 6 ամիս։ Մաքուր ջուրը սկսում են երեխային տալ այդ ժամանակահատվածից հետո։
Եթե ինչ-ինչ պատճառներով ծնողները չեն կարողանում երեխային ապահովել մայրական կաթով, դիմում են մանկական կերերի օգնությանը։ Իսկ դրանց պատրաստման համար գնում հատուկ՝ մանկական ջուր։
2015-2016թթ. «Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն» զեկույցի մեջ նշված է, որ Հայաստանում մինչև 6 ամսական երեխաներին բացառապես կրծքով կերակրելու ցուցանիշը կազմում է 45%, այսինքն՝ մնացած 55%-ը այս կամ այն կերպ օգտվում է մանկական կերերից, հետևաբար նաև՝ ջրերից:
Մանկական ջրերը սովորական շշալցված ջրերի համեմատ ավելի թանկ են: Դրանք վաճառվում են ինչպես սովորական խանութներում, այնպես էլ՝ դեղատներում:
Այդ ջրերն օգտագործում են ոչ միայն մանկական կերերի, այլեւ մանկական հյութերի, թեյերի պատրաստման համար, ինչպես նաև՝ պարզապես երեխաների խմելու։
Մանկական ջրի վերաբերյալ կան հատուկ պահանջներ. դրանք սահմանված են ինչպես ազգային իրավական ակտերով, այնպես էլ՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով:
Մասնավորապես՝ այն պետք է ունենա հավասարակշռված մանրէաբանական բաղադրություն և լինի բարձր կարգի։ Մանկական ջուր գնելիս և ավելորդ գումար ծախսելիս մարդիկ պետք է համոզված լինեն, որ այն միանգամայն անվտանգ է իրենց երեխաների համար և պարունակում է այն միկրոտարրերը, որոնք նշված են շշվի վրա:
Շարունակությունը՝ hetq.am