Մանկական կերերի շուկայում իսկական քաոս է. գները շեշտակի բարձրացել են:
Ներմուծող ընկերությունները մեղքը բարդում են եվրոյի բարձր փոխարժեքի վրա: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ քաղաքացիներից դժգոհություններ է ստանում: Նրանցից մեկը փոխանցել է որ «Nutrilon» կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4450 դրամից բարձրացել է՝ դառնալով 5850 դրամ: Ի դեպ, դեղատուն կա, որտեղ այն վաճառվում է 6200 դրամով: Թանկացել են նաեւ «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները, հայտնի «Hipp» մանկական կերերը:
«Nutrilon»-ը Հայաստան ներմուծում է «Սլավ գրուպ» ընկերությունը։ Ի պատասխան մեր հարցմանը, ընկերությունից փոխանցեցին. «Ամենաշատը եվրոյի մեջ է թանկացումը եղել՝ 550 դրամից դարձել է մոտ 650 դրամ: Ընկերությունը տարեսկզբից սկսած, ինչ սկսվել է եվրոյի փոխարժեքի բարձրացումը, իր միջոցների, եկամուտների հաշվին պահել է այդ գինը մինչեւ դեկտեմբերի վերջ: Մենք Եվրոպայի մեր գործընկերներին խնդրել ենք, որ իրենք էլ իրենց կողմից գործողություն անեն, որպեսզի պահենք այդ գինը, բայց արդեն հունվարից հնարավոր չէր»:
Աղբյուրը՝ «Ժողովուրդ» օրաթերթ



