Եթե նախկինում մայրության նպաստից օգտվելու իրավունք ունեին միայն աշխատող մայրիկներն, ապա 2016թ-ի հունվարի 1-ից չաշխատող մայրերը նույնպես ստանում են մայրության նպաստ: Այն կազմում է 126 600 դրամ: Նպաստը մայրիկներին տրվում է հղիության 30 շաբաթականից սկսած՝ 140 օրվա համար, որից 70 օրացուցային օրը՝ հղիության, մյուս 70-ը՝ ծննդաբերության համար:
Աշխատող մայրիկների դեպքում մայրության նպաստը կախված է աշխատավարձի չափից:
Ի տարբերություն չաշխատող կանանց, աշխատող մայրիկները բարդ ծննդաբերությունների դեպքում նպաստը ստանում են 155 օրվա, իսկ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում՝ 180 օրվա համար:
Չաշխատող, ինչպես եւ աշխատող կանանց մայրության նպաստը նշանակվում եւ վճարվում է՝ ըստ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի: Մայրիկներն այն կարող են ձեռք բերել այն բուժհաստատությունում, որտեղ հսկել են հղիության ընթացքը: Չաշխատող մայրիկների նպաստը տրվում է անկանխիկ եղանակով՝ բանկային քարտի միջոցով, պարզապես պետք է նշել այն բանկը, որտեղից ցանկանում եք ստանալ մայրության նպաստը: Աշխատող մայրիկները նպաստը ստանում են գործատուից:
Ի դեպ, նպաստը նշանակվում է մեկ ամսվա ընթացքում: Եթե փաստաթղթերը լիարժեք չեն կամ էլ կինը ՀՀ քաղաքացիություն չունի, նպաստի համար դիմումը մերժվում է:
Չաշխատող մայրիկները նպաստը կարող են ստանալ, եթե «հղիության և ծննդաբերության արձակուրդի» սկիզբը 2016թ-ի հունվարի 1-ն է կամ դրանից հետո։ Այդ ամսաթիվը հստակ պետք է նշված լինի ժամանակավոր անաշխատունակության թերթիկում: