Ամուսնական զույգը համարվում է անպտուղ, եթե կինը մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքի ընթացքում, առանց հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու, չի հղիանում:
Պատճառները կարող են լինել տարբեր՝ կախված կնոջ և տղամարդու օրգանիզմում ընթացող տարբեր խանգարումներից: Կնոջ արյան հետ կապված խնդիրները կարո՞ղ են խոչընդոտել հղիությանը: Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
Ռեպրոդուկտիվ ֆունկցիայի խանգարման պատճառներից մեկն է իմունոլոգիականը։ Արյան մեջ հակամարմինների տիտրի բարձրացումը հանգեցնում է անպտղության։ Հակամարմինները տարբեր են․ դրանք կարող են լինել հակակորիզային, հակամարմիններ ֆ․Խ․Հ․-ի նկատմամբ, Լ․Հ․-ի նկատմամբ, էստրադիոլի, Խ․Գ․-ի նկատմամբ։
Աուտոիմուն պրոցեսներից նաև «աուտոիմուն թիրեոիդիտ»-ը (վահանագեղձի հիվանդություն) կարող է հանգեցնել նման խնդրի։ Այն իրենից ներկայացնում է աուտոիմուն պատասխան թիրեոգլոբուլինի նկատմամբ։ Իմունոլոգիական խնդիրներ կարող են առաջացնել նաև սեռական ինֆեկցիաները։ Քրոնիկ սեռական ինֆեկցիաների առկայությունն օրգանիզմում հանգեցնում է իմունոդեֆիցիտի: Շատ բարդ է հասկանալ՝ իմունոդեֆիցի՞տն է, արդյոք, նպաստել ինֆեկցիայի ներթափանցմանն ու զարգացմանը, թե՞ հակառակը։
Որպես նվազագույն հետազոտություն՝ պետք է անցկացնել հակամարմինների որոշում ֆոսֆոլիպիդների նկատմամբ, ԴՆԹ-ի նկատմամբ և վահանաձև գեղձի ֆակտորների նկատմամբ (առնվազն երկու հակամարմին յուրաքանչյուր խմբից)։