Հայաստանում այս պահին կա լաբորատոր քննությամբ հաստատված կարմրուկով հիվանդանալու երեք դեպք: Այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը: Նշենք, որ վարակվածներից երկուսը երեխաներ են, ովքեր վարակն իրենց հետ բերել են Վրաստանից, մեկն էլ՝ 28 տարեկան երիտասարդ, վարակվել է Օդեսայում վրացիների հետ համատեղ սեմինարի ընթացքում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ իրենք ուժեղացված հսկողություն են սահմանել՝ ճշտում են մարդկանց պատվաստումային կարգավիճակը, նրանց նախկինում հիվանդության փաստը՝ արդյո՞ք նրանք չեն հիվանդացել, ունե՞ն փաստարկված որևէ վկայություն։ Նրանց, ովքեր համարվում են ռիսկի խումբ, այսինքն նրանք, ովքեր չեն հիվանդացել, կամավոր հիմունքներով առաջարկվում է պատվաստվել։ «Ընդհանուր առմամբ՝ բոլոր արտերկիր մեկնողներին տեղեկացնում ենք, որ նախարարությունը թույլ է տալիս, որ մանկական պատվաստանյութը՝ այն, որ նախատեսված է երեխաների համար, նաև մեծերը կարող են պատվաստվել դրանով: Նրանք, ովքեր չեն հիշում հիվանդացել են, թե ոչ, չունեն փաստաթղթային ձևակերպումներ, ովքեր համարվում են ռիսկի խումբ՝ նրանց խորհուրդ է տրվում գնալուց առաջ պատվաստումներ անել, որ չգնան հիվանդանան, հետո հիվանդությունը բերեն երկիր ու տարածեն»,- ասաց տիկին Սահակյանը՝ հավելելով, որ Հայաստանում կարմրուկից մահացության դեպք չի գրանցվել:
Մուրացանի մանկական հիվանդանոցի մանկաբույժ Անուշ Կարապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ անհրաժեշտ է պատվաստվել անպայման՝ մանավանդ երեխաները՝ սկսած մեկ տարեկանից, և որքան հնարավոր է՝ հեռու մնալ կարմրուկով վարակված մարդկանցից:
Նշենք, որ կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով:
Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ: Չի բացառվում կարմրուկի տրանսպլացենտար փոխանցումը: Անընկալունակ են մինչև 3 ամսական երեխաները:
99 % դեպքերում կրած հիվանդությունից հետո ձևավորվում է կայուն իմունիտետ ողջ կյանքի ընթացքում: Կրկնակի հիվանդացությունը խիստ հազվադեպ երևույթ է: Հետպատվաստային իմունիտետը ձևավորվում է պատվաստված մարդկանց 90 %-ի մոտ և պահպանվում է 20 տարի:
Հիվանդները թույլ են, ադինամիկ, ախորժակը, քունը՝ խանգարված, անհանգստացնում է գլխացավը: Այս շրջանում հիվանդն ունի բնորոշ տեսք` դեմքն այտուցվում է (աչքերը, քիթը և շրթունքները): Առկա է տրիադան` հարբուխ, հազ, կոնյուկտիվիտ, ինչը խիստ բնորոշ է կատարալ շրջանին: Փափուկ քիմքի վրա կարելի է տեսնել էնանթեման` բավական խոշոր, մուգ կարմրավուն բծերի տեսքով: Այտերի ներսային մակերեսն այտուցված է, գերարյուն. բծավոր: