Երեխայի լույս աշխարհ գալուց հետո, անհրաժեշտ է ձեռք բերել փոքրիկի անձը հաստատող առաջին փաստաթուղթը: Այն տրվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում:
Ծննդյան վկայական ստանալու համար պետք է հիվանդանոցից վերցնել երեխայի ծննդյան օրը հաստատող տեղեկանքը և ներկայացնել բնակության կամ հիվանդանոցի վայրի՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային գրասենյակ:
Եթե երեխայի ծնողներն ունեն ամուսնության վկայական, փաստաթղթերը կարող է ներկայացնել հայրը, իսկ եթե չունեն, մոր ներկայությունը ՔԿԱԳ-ում պարտադիր է:
Եթե հայրություն ճանաչելու խնդիր չկա, երեխայի մայրը միայնակ պետք է ներկայանա ՔԿԱԳ:
Նորածնի ծնունդը գրանցելու համար երեխային պետք է տալ անուն, ազգանուն, հայրանուն: Անվանակոչման հարցում ծնողներն ազատ են, ընդ որում՝ օրենքը չի սահմանափակում անունների քանակը: Իսկ ահա ազգանունը կարող է լինել առավելագույնը երկուսը, իսկ հայրանունը՝ պետք է լինի մեկը:
Եթե հայրություն ճանաչող չկա, երեխայի մայրը կարող է տղամարդու ցանկացած անուն նշել: Ի դեպ, ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ երեխան կարող է և հայրանուն չունենալ:
Ծննդյան վկայականը տրամադրվում է հենց ՔԿԱԳ ներակայանալու օրը:
Աղբյուրը՝ 1tv.am