NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 25-ին Աբովյանի ծննդատանը ծննդաբերության ժամանակ 25-ամյա Ֆլորա Աբգարյանի եւ նրա երեխայի մահվան դեպքից:
«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Լարիսա Մադոյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմեց, որ սա եզակի դեպք է իրենց պրակտիկայում, թեեւ մտաբերեց, որ նման մի դեպք պատահել է նաեւ 7 տարի առաջ:
«Վիրահատությունն սկսելուց 10-12 րոպե հետո նարկոզային շրջանում նրա մոտ առաջացել է դժվար կառավարվող վիճակ, սրտի կանգ եւ բրոնխո սպազմ: Անհրաժեշտ է եղել նեղ մասնագիտական օգնություն, տեղեկացվել է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, նրա հրահանգով ռեանիմացիոն 2-3 բրիգադ եկել է ծննդատուն, այստեղ է եղել առողջապահության փոխնախարար, հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկելոգը, մինչեւ ժամը 14.00-15.00-ն արվել է հնարավոր ամեն բան, բայց ոչնչով չենք կարողացել օգնել», - ասաց Լարիսա Մադոյանը:
Տնօրենի խոսքով` երեխային հնարավոր չէր փրկել, որովհետեւ նա հատուկենտ սրտի զարկերով էր: «Երբ մոր մոտ կար սրտի կանգ, նորածինն ունենում է թթվածնի քաղց, մինչեւ երեխային հանելը, նրա մոտ թթվածնի քաղցը խորն է եղել եւ հնարավոր չէր նրան փրկել»,-ասաց տնօրենը, նշելով, որ նոր ծնվող երեխան աղջիկ էր:
Լարիսա Մադոյանը խոսքով` կինը նորմալ ընտանիքից է, դուստր ուներ, ամուսին, իսկ դժբախտ դեպքից հետո նրա հարազատները շատ զուսպ են եղել, ծեծկռտուք չեն սարքել հիվանդանոցում:
Քանի որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ուստի տնօրենը ձեռնպահ մնաց նշել, թե ում մեղքով կամ ինչի հետեւանքով է նման դեպք արձանագրվել` հավելելով, որ ամեն ինչ ցույց կտա նախաքննությունը: Լարիսա Մադոյանը միայն նշեց, որ հղիության ընթացքը կնոջ մոտ նորմալ էր, բարդություններ չկային, «մի քանի մանր բաներ էին, որոնք պետք է, որ խնդիր չառաջացնեին ծննդաբերության ընթացքի վրա»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանիի հրամանով դեպքի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով է ստեղծվել եւ հանձնախումբը` առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի գլխավորությամբ տեղում ուսումնասիրություններ է իրականացրել կազմակերպչական խնդիրներ եւ այլ հանգամանքներ պարզելու համար: