«Մեկ դասագիրքը՝ տանը, մեկը՝ դպրոցում» բանաձևը թանկ հաճույք է. ԿԳ նախարար

«Դեռ խորհրդային տարիներից սկսած՝ Առողջապահության նախարարը հրաման է տալիս՝ դպրոցական դասագրքերի ծանրության հետ կապված»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարի՝ ուսումնական ծանրաբեռնվածության վերաբերյալ հրամանին:

«Յուրաքանչյուր տարի առողջապահության նախարարը հրաման է տալիս մեզ հետ համատեղ, որտեղ ասվում է, թե ինչ չափանիշներ պետք է պահել: Որ պահին ծանոթանում ենք այդ հրամանի հետ, դա չի նշանակում, որ խնդիրն այդ պահին սկսվեց»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ հարուստ երկրներն այս խնդիրը փորձում են լուծել՝ «մեկ դասագիրքը տանը, մեկը՝ դպրոցում» բանաձևով, ինչպես նաև դասագրքերը մանրացնելով՝ ըստ թեմաների: Այս տարբերակը, սակայն, ըստ նախարարի՝ եռակի ծախս է առաջացնում դասագրքերի հրատարակության համար:

Խնդրից խուսափելու տարբերակներից մեկը էլեկտրոնային կրթությունն է. «Պլանշետային ուսուցման դեպքում էլ մեծ դժգոհություն  է սկսվում՝ տեսողության խնդիրների հետ կապված»,-ասում է նախարարը՝ հավելելով, որ ծանր պայուսակների հարցում մեծ է նաև ծնողների և ուսուցիչների դերը, ովքեր հավելյալ ծանրաբեռնում են դրանք: