Հայ առաքելական եկեղեցին երեխաներին մկրտում է 8 օրական հասակում՝ հիմք ընդունելով մանուկ Հիսուսի՝ ծննդյան ութերորդ օրը թլփատումն ու անվանակոչությունը։
Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական (սկզբնական) մեղքից: Այն մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով:
Բոլոր եկեղեցիներն արգելում են երկրորդ անգամ մկրտվելը: Մկրտությունը, ինչպես և մարդու ծնունդը, կարող է տեղի ունենալ միայն մեկ անգամ:
Կնքահայրը պետք է լինի չափահաս տղամարդ, մկրտված, հավատացյալ և բացառապես առաքելական եկեղեցու հետևորդ:
Ըստ եկեղեցականների՝ կնքահայրը պետք է դառնա ընտանիքի բարեկամ, և հենց այդ պատճառով է, որ եկեղեցին խորհուրդ չի տալիս կնքահայր կարգել մոտ ազգականների:
Մկրտվելու համար եկեղեցի պետք է ներկայացնել մկրտվողի ծննդյան վկայականը կամ անձնագիրը, ինչպես նաև կնքահոր անձնագիրը:
Մկրտության համար անհրաժեշտ է նաև եկեղեցի տանել սրբիչ, երկու մոմ և խաչ՝ կարմիր սպիտակ թելով: Երկու գույնի այս թելը կոչվում է նարոտ: Այն խորհրդանշում է Քրիստոսի արյունն ու ջուրը:
Մկրտության արարողությունը սկսվում է աղոթքով: Մկրտվողին օրհնված ջրով օծելուց հետո օծում են նաև մյուռոնով, կնքում սուրբ յուղով: Այս արարողությունը կոչվում է Դրոշմի կնիք:
Տերունական նշանը` սուրբ խաչը, մկրտվողը պետք է կրի 40 օր: Մկրտվողին Մյուռոնից հանում են մկրտության երրորդ օրը: Կնքահայրը ջրով լվանում է իր սանիկի մարմնի այն մասերը, որոնք Սուրբ Մյուռոնով օծվել են, հետո այդ ջուրը լցնում է ծառի կամ ծաղիկների տակ: