Մայիսի 22-ին «Իմ փոքրիկ»-ն ահազանգ էր ստացել այն մասին, որ «Բիոկաթ» ապրանքանիշի ըմպելի կեֆիրը պիտանի չէ օգտագործման, թեև այն պահպանման ժամկետի մեջ է:
Լուսինե Պողոսյանը հայտնել էր, որ կեֆիրը գնել է նույն օրը Հյուսիսային պողոտայի «Պարմա» սուպերմարկետից: Տարայի վրա մակնշված է՝ պիտանի է մինչև 31.05.18։
Իմ փոքրիկ» կայքն խնդրի առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ «Բիոկաթ» ընկերությունից։ Ընկերության փոխտնօրեն Արմեն Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք համատարած բողոքներ չեն ստացել, և որ սա բացառիկ դեպք է։
«Իմ կարծիքով՝ հնարավոր է, որ սա խանութի մեղքն է։ Այս դեպքից բացի, այլ դժգոհություններ չենք ստացել, իսկ մեր արտադրանքը չի վերադարձվել։ Հնարավոր է՝ խանութում խնդիր է եղել սառնարանների հետ, կամ մինչև սառնարաններում տեղադրելն ապրանքը որոշ ժամանակ մնացել է պահեստում և եղանակային շոգ պայմանների պատճառով փչացել»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ ընկերությունը կփորձի ճշտումներ անել սուպերմարկետի հետ:
«Իմ Փոքրիկ»-ը կապ հաստատեց նաև «Պարմա» սուպերմարկետի պատասխանատուների հետ, ովքեր հերքեցին Արմեն Հակոբյանի առաջ քաշած վարկածը։
«Մեր սառնարանները սարքին վիճակում են, իսկ երբ ստանում ենք կաթնամթերք, այն սառնարանում շարելը տևում է ընդամենը երկու րոպե։ Բացի այդ, կաթնամթերքը ստանում ենք առավոտյան ժամը վեցին»,-ասաց սուպերմարկետի մենեջեր Էդգար Պասյանը`հավելելով, որ եթե խնդիրը կապված լիներ սառնարանների կամ ապրանքը սառնարանում ուշ տեղավորելու հետ, ապա այլ ապրանքանիշների արտադրանքից ևս բողոքներ կլինեին։
«Բիոկաթ» ընկերության փոխտնօրեն Արմեն Հակոբյանի հավաստմամբ՝ իրենց արտադրամասում կա փորձանմուշ, որը համապատասխանում է որակի բոլոր չափանիշներին։
«Մենք մեղքը մեզ վրա չենք վերցնում, քանի որ տվյալ խմբաքանակի հետ կապված այլ բողոքներ չեն եղել,-ասում է Հակոբյանը,-սովորաբար, եթե արտադրանքի որակի հետ կապված լուրջ խնդիրներ են լինում, Սննդի անվտանգության պետական ծառայությունը առաջինն է մեզ զանգահարում։ Հաճախորդներն առաջինը նրանց են դիմում, իսկ ՍԱՊԾ-ն տվյալ խմբաքանակը հետ է կանչում վաճառակետերից։ Այն ներկայացվում է լաբորատոր փորձաքննության՝ հասկանալու համար՝ արտադրա՞նքն է անորակ, թե՞ խնդիրը մասնավոր է»։