Մայրիկներ ու հայրիկներ, շնորհավոր ձեր ապագա զինվորների տոնը

«Իմ փոքրիկ»-ի հավատարիմ ընթերցող մայրիկ ու հայրիկ, տատիկ ու պապիկ, վստահ ենք, որ ձեր փոքրիկներին ու թոռնիկներին  այսօր պատմել եք, որ 21 տարի առաջ` այս օրը, հունվարի 28-ին,  մեր հայրենիքը սկսեց կազմավորել մեր խիզախ բանակը: Այն բանակը, որում ծառայելու է նաեւ ձեր զինվոր-զինվոր խաղացող փոքրիկը:

Չի բացառվում, իհարկե, որ երբեւեէ մտածել եք` «այնպես եմ անելու, որ որդիս չծառայի»: Բանակային կյանքը դժվար է, երբեմն ծանր ու հազվադեպ էլ ճակատագրական: Եկեք պատկերացնենք: Կա՟ մանկապարտեզ, որտեղ բոլոր մանուկները միայն խաղում եւ երբեք չեն ծեծում միմյանց, կա՟ շենք, որտեղ  բոլոր հարեւանները հաշտ են, կա՟ աշխատավայր, որտեղ բոլորը սիրում են միմյանց…Եթե կասեք` այո, ապա իրավունք ունեք` մտածելու, որ այսօրվա բանակը  վտանգավոր է:

Բայց եղեք անկեղծ ինքներդ ձեզ հետ: Հիշեք նաեւ բոլոր այն մայրիկների արցունքները, որոնք թափվել են իրենց զոհված  որդիների համար: Այն որդիների, որոնք ձեր փոքրիկին պատերազմը անցյալում թողած երկիր են ժառանգել: Արցախյան ազատամարտում զոհված տղաներից մեկի  մայրը մի առիթով ասել էր` եթե իմանայի, որ այսպիսի զավակ կծնեմ, կունենայի մի քանիսին:

Շատ որդիներ լույս աշխարհ բերեք, ծնվածին էլ փոխանցեք քաջ տղաների հայրենասիրությունը եւ դաստիարակեք այնպես, որ  վաղը նա դառնա հայրենիքի սահմանները անառիկ պահող, ծառայակցին հարգող, հրամանատարին ենթարկվող զինծառայող:

Հիշեք` ձեզնից է կախված վաղվա առողջ բանակը: Ու մի մոռացեք, վաղվա բարեխիղճ ու ազգանվեր հրամանատարը այսօրվա զինվոր-զինվոր խաղացողն է:

Մանկական խիզախությամբ` ԻՄ ՓՈՔՐԻԿ