Երևանում բացվել է գիտության առաջին ինտերակտիվ թանգարանը

Երևանում սեպտեմբերի 14-ին բացվել է «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանը՝ նախատեսված 7 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար: Թանգարանն իր նշանակությամբ ու գործառույթներով բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Դուրս գալով թանգարանային գործունեության ավանդական պատկերացումներից՝ թանգարանը գործում է որպես ինտերակտիվ միջավայր, որի նպատակն է խաղի միջոցով երեխաների մեջ բնագիտական առարկաների հանդեպ սեր արթնացնել: ArmScoop-ը ևս ներկա է եղել թանգարանի բացմանը և ներկայացնում է ամենահետաքրքիր դրվագները:

 Թանգարանում ներկայացված է քիմիայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող մոտ 25 ցուցանմուշ: Այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն դիտելու, այլև դիպչելու և անգամ անմիջականորեն փորձարկելու կիրառական բնույթի գիտական պարագաները՝ այդպիսով ինտերակտիվ շփման միջոցով ծանոթանալով և ավելի լավ ընկալելով բնագիտության զարմանահրաշ աշխարհը, հասկանալով գիտական օրենքները:

«Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության հիմնադիր տնօրեն Մարինա Գրիգորյանը նշեց, որ արդեն 2 տարի է՝ ինչ «Փոքրիկ Էյնշտեյնը» գործունեություն է ծավալում: Ի սկզբանե կազմակերպվել են ինտերակտիվ, ճանաչողական շոու ծրագրեր, այնուհետև ստեղծվել են գիտական ակումբներ, որտեղ երեխաները գիտափորձերի միջոցով ծանոթանում էին գիտության այս կամ այն երևույթին: Իսկ հայ երեխաների համար գիտությունն էլ ավելի մատչելի դարձնելու համար նախաձեռնության հեղինակների կողմից արտադրվել են հայալեզու գիտական խաղերի հավաքածուներ, և ներկայում այդ ամենը մեկտեղված է մեկ թանգարանում:

Մարինա Գրիգորյանը նաև ընդգծեց, որ հաճախ «թանգարան» անվանումը շփոթեցնում է այցելուին, որին թվում է, թե ինքը կամ իր երեխան, թանգարան այցելելով, պարզապես նայելու են ցուցանմուշներին, բայց հակառակ ընդունված կարծիքի՝ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանը գործում է նորովի. բոլոր ցուցանմուշները նախատեսված են նրա համար, որ երեխաները շփվեն, խաղան և խաղի միջոցով ծանոթանան ֆիզիկայի կամ քիմիայի օրենքներին: «Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հավելեց, որ թանգարանը պատրաստ է համագործակցելու դպրոցների հետ, և հիանալի կլինի, եթե ֆիզիկայի կամ քիմիայի դասերը երբեմն անցկացվեն թանգարանում՝ ցուցանմուշների անմիջական կիրառմամբ:

Ըստ Մարինա Գրիգորյանի շատ երեխաներ ներկայում կորցրել են հետաքրքությունը ֆիզիկայի և քիմիայի նկատմամբ, իսկ այսպես, երբ այդ առարկաներն ավելի պատկերավոր ու գործնականորեն են ներկայացվում՝ «Փոքրիկ Էյնշտեյն» շոուի, իսկ այժմ նաև թանգարանի օգնությամբ, այդ նպատակը դառնում է առավել քան հասանելի: Թանգարան այցելած երեխաները չափազանց ոգևորված ու տպավորված էին ներկայացված գիտափորձերով, և յուրաքանչյուրն արդեն գտել էր իրեն ամենաշատը դուր եկած ցուցանմուշը: Նման թանգարանն այն բանի ապացույցն է, որ բնագիտական առարկաներ սովորելը ոչ միայն ձանձրալի գործընթաց չէ, այլև ճիշտ ներկայացնելու դեպքում խիստ հետաքրքրական, հաճելի ու անգամ զվարճալի կարող է լինել:

Գիտության թանգարանը գտնվում է Կոմիտաս 40/2 հասցեում: Աշխատանքային օրերին թանգարանը բաց է ժամը 13:00-ից մինչև 20:00-ն, իսկ հանգստյան օրերին՝ 12:00-ից մինչև 21:00-ն: Թանգարանի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ 098316789, 095316789, 094205954:

Աղբյուրը http://armscoop.com/2016/09/science-museum-yerevan-for-children/