Երեխայի ծննդյան նպաստի դիմումն այսուհետ առցանց կընդունվի

Հայաստանում քաղաքացիներին մատուցվող  էլեկտրոնային սոցիալական ծառայություններն ընդլայնվել են՝ այսուհետ քաղաքացիները կարող են ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում նաև առցանց եղանակով՝ առանց տարածքային մարմին այցելելու, այս մասին գրում է Hetq.am։ Առցանց դիմումը հասանելի է www.epension.am միասնական սոցիալական պորտալում։ Այս մասին տեղեկացնում է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական եւ իրազեկման կենտրոնը:

Սա Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում և ստանալ նպաստի գումարը բանկային հաշվեհամարին կամ բանկ այցելելու միջոցով։

Քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի այցելել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, հերթ կագնել, ներկայացնել տարատեսակ փաստաթղթեր, թղթային դիմում լրացնել. առցանց դիմումը լրացվում է հաշված րոպեների ընթացքում, առանց տանից դուրս գալու։

Առցանց եղանակով ներկայացվող դիմումի առավելություններից մեկն էլ այն է, որ դիմումը երեխայի ծնողի անունից կարող է ներկայացնել նաև երրորդ անձ՝ մուտքագրելով պահանջվող տեղեկատվությունը, սակայն համակարգը լիովին անվտանգ է՝ նպաստի գումարը կվճարվի բացառապես երեխայի հորը կամ մորը։

Դիմումը ներկայացնելուց հետո քաղաքացին հնարավորություն ունի հետևել իր դիմումի ընթացքին համակարգում գրանցված էլեկտրոնային փոստին ուղարկվում է հսկիչ համար, որով ցանկացած պահի կարելի է ստուգել դիմումի կատարման ընթացքը։

Առցանց դիմումի մեջ տրամադրված տվյալները նույն պահին անցնում են ստուգում հատուկ մշակված համակարգում եթե չկան անհամապատասխանություններ, ապա համակարգը ընդունում է դիմումը, և մնում է սպասել նպաստի գումարի ստացմանը՝ բանկային հաշվեհամարին փոխանցման կամ բանկ այցելելու միջոցով՝ ըստ դիմողի ցանկության։ Բանկային հաշիվ ունենալը, այսպիսով, ևս պարտադիր չէ։ 

 

Աղբյուրը՝ Hetq.am