Հնդիկ պապիկը թոռանը վաճառել է «Ֆեյսբուք»-ի միջոցով

Հնդկաստանում արտառոց դեպք է գրանցվել: Ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա տղամարդու, ով իր նորածին թոռանը վաճառել է գործարարի: Նրանք վաճառքի վերաբերյալ ողջ պայմանավորվածությունը ձեռք են բերել «Ֆեյսբուք» սոցիալայկան ցանցի միջոցով: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Եթե պապու` Ֆերոզ Խանի մեղքը հաստատվի, ապա նա բանտում կանցկացնի մինչև 7 տարի:

Պապիկի հետ ձերբակալվել են նաև նրա երկու հանցակիցները, որոնք օգնել են գործարքը գլուխ բերել: Նրանց ևս ազատազրկում է սպասվում:

Քննության ընթացքում պարզվել է, որ Խանի դուստրը ծննդաբերել է ապրիլի սկզբին, ինչից հետո ծննդկանի հայրը բուժքրոջ ու բժշկի օգնականի հետ եկել է համաձայնության` երեխային գողանալու և իրեն հանձնելու վերաբերյալ: Թոռան համար հնդիկ պապիկը ստացել է 830 դոլարին համարժեք գումար:

Իրավապահներն այժմ փորձում են պարզել, արդյո՞ք տղամարդը ներգրավված է եղել երեխաների վաճառքի այլ դեպքերում ևս: Ինչպես հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը, 2011-ի դրությամբ Հնդկաստանում երեխաների առևանգմամբ զբաղվող ավելի քան 800 խմբավորում կա:

Աղբյուր` Panorama.am