Թերքաշ, թերաճ, թերսնված երեխաների թիվը Հայաստանում ավելացել է. մանկաբույժ

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում ավելացել է թերքաշ, թերաճ, թերսնված, ավել քաշ ունեցող խնդիրներով երեխաների թիվը: Այդ մասին ասուլիսին ասաց «Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը՝ նշելով, որ ցավոք ավելացել են հատկապես սնուցման հետ կապված աճի խնդիրները:

«Այդ խնդիրները կապված են նաև երեխայի զարգացման հետ, և պետք է ասեմ, որ երկիրը չի կարող սոցիալական զարգացում ունենալ, քանի դեռ ունի թեսնված երեխաների խնդիր: Այդ խնդիրները շատ հրատապ են»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պատճառները տնտեսական պայմաններն են, բայց խնդիրը միայն դա չէ. «Կա նաև բնակչության գիտելիքների հետ կապված

խնդիր. կան մայրեր, որոնք տեղյակ չեն, թե ինչպես պետք է ճիշտ կերակրել երեխաներին: Իրազեկման հարցը մեծ խնդիր է»:

Մանկաբույժի խոսքով՝ այսօր հայ երեխաներից շատերը զրկված են լավագույն ձևով սնվելու իրենց իրավունքից:

Նա անդրադարձավ նաև մարզերին՝ նշելով, որ շատ շրջաններում թերսնվածների թիվը բարձր է նորմայից: Մանկաբույժը նկատեց ևս մեկ խնդիր. «Նոր եմ Տավուշից վերադարձել: Շամշադինի շրջանում մենք ունենք բազմաթիվ թերսնված երեխաներ, բայց երբ մտնում ես որոշ ընտանիքներ, նրանք կարող են ունենալ ինտերնետ, բոլորը կարող են ունենալ հեռախոսներ, որոնց համար մեծ գումարներ են ծախսում, բայց երբ խոսքը վերաբերում է երեխայի համար մսամթերքին ու նորմալ սննդին, դա կարող են փոխարինել մեկ տուփ կոնֆետով»:

Ասուլիսի մյուս բանախոս, «Հերացի» համալսարանական պոլիկլինիկայի տնօրեն Աննա Բալյանն էլ խոսեց մինչև երկու տարեկանը երեխային կերակրելու լավագույն տարբերակի մասին. «Առաջին վեց ամիսը երեխային բացառապես պետք է կերակրել կրծքով: Կրծքի կաթի քանակը կնոջ սնվելու հետ կապված չէ, վեց ամսականից հետո պետք է երեխան ստանա հավելյալ սնունդ: Սակայն կրծքով պետք է կերակրվի մինչև երկու տարեկանը»:

Մասնագետն ընդգծեց, որ կրծքի կաթի անորակության մասին խոսք լինել չի կարող, նման բան չկա, և ինչ էլ ուտի մայրը, կրծքի կաթը լավագույնն է երեխայի համար:

Դառնալով թերսնման խնդրին՝ նա նշեց, որ ապահովված ընտանիքներում նույնպես նման խնդիրներ կան, քանի որ նրանց մոտ էլ իրազեկման խնդիր է, նախընտրում են սխալ սնունդ, փուչ կալորիաներով սնունդ, միայն քաղցր, որը լուրջ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար:

Աղբյուրը` Tert.am