«Կարին» ազգագրական երգի-պարի համույթում պարող ամուսիններ Աննա Բաբայանի և Արտավազդ Սահակյանի 2 տարեկան որդին՝ Արեգը, ինքնուրույն սովորել և կատարում է հայկական ազգագրական գրեթե բոլոր պարերը՝ «Մշո խար», «Յարխուշտա», «Քոչարի», «Կարնո քոչարի», «Ձկնորսների պարը», «Չալմը դանգը» և շատ այլ պարեր:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում պատմեց Արեգի մայրը՝ Աննան, Արեգը սկսել է պարել վեց ամսականից: ««Մշո խար» է պարել վեց ամսականից, քանի որ ինքը ծանոթ է, միշտ տարել ենք, տեսել է պարերը… էդ պահին մենք հեռուստաալիքը
Երեխան թե՛ ծնողների փորձերի ժամանակ և թե՛ տեսանյութերով գրեթե հիպնոսացած հետևում է «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի շարժումներին, հետո դրանք ճշգրտորեն կրկնում:
«Գիշեր-ցերեկ ինքը պահանջում է ուղղակի, որ մենք միացնենք երաժշտությունը, և ինքը պարապում է, աշխատում է իր վրա, մենք իրեն բացարձակ ոչ մի բան չենք սովորեցնում: Նայում է, կրկնում է շարժումները»,- ասաց Արեգի մայրիկը:
Մի անգամ Էջմիածնում համերգի ժամանակ Արեգը պոկվել է հետնաբեմում իրեն պահող մոր ձեռքից և «ներխուժել» բեմ, որտեղ այդ ժամանակ պարում էր հայրը՝ Արտավազդը:
Արեգը դեռ չի խոսում, բայց մեկ տարեկանում մի քանի անգամ արտաբերել է «Հայաստան» բառը, իսկ տանը եղած Հայաստանի պետական դրոշին նայելով՝ փորձում է երգել ՀՀ պետական օրհներգը:
«Ուղղակի խենթանում է Կոմիտասի համար, շատ է սիրում Արթուր Մեսչյան, Դավիթ Ամալյան, տանել չի կարողանում «ռաբիզ» երաժշտություն: Շատ, ուղղակի ջղայնանում է, վիրավորվում է մեզնից»,- ասաց Աննան ու հավելեց, որ որդին իր տարեկիցների նման չի սիրում մուլտֆիլմեր դիտել: Փոխարենը, նա շատ է սիրում պատմական ֆիլմեր դիտել:
Վերջերս օրինակ՝ լացով «սաստել է» մորը, որը փորձել է խոսել Եգիպտոսի մասին պատմող վավերագրական ֆիլմի ժամանակ:
Ծնողները չգիտեն՝ որդին կդառնա՞ պրոֆեսիոնալ պարող։ Եթե նման ցանկություն ունենա հաստատ չեն արգելի, սակայն շատ ավելի կցանկանային, որ Արեգը այլ մասնագիտություն ունենար ու պարը երկրորդ մասնագիտություն լիներ, ինչպես իրենց պարագայում է։