Հեռուստացույցի կամ համակարգչի առջև ժամերով նստող երեխաներն անառողջ են մեծանում

Հեռուստացույց դիտելն ազդում է երեխաների թե ֆիզիկական, թե հոգեբանական զարգացման վրա:

Ութերորդ դասարանցի Լեւոնն ասում է, որ օրվա մեջ համակարգչի առաջ մի քանի ժամ է անցկացնում և ընդ որում` միայն դասերի համար:

ԱՄՆ-ում միջին դպրոցականն ուղարկում է օրվա մեջ 50 կարճ հաղորդագրություն, 5 դեռահասից 4-ը քնում է բջջայինը միացրած կամ անմիջապես ձեռքում պահած: Հաղորդագրությունների մեծ մասը դեռահասներն ուղարկում են գիշերվա ժամերին: Դա հանգեցնում է քնի ռեժիմի խաթարման ու դեպրեսիաների: Թվային մեդիայի բացասական ազդեցության դեմ պայքարին էր նվիրված Արաբկիր բժշկական կենտրոնում կազմակերպված հեռուստակոնֆերանսը:

Բժշկական կենտրոնի սրահում ոչ միայն բժիշկներ ու հոգեբաններ էին, այլ նաև դեռահասներ ու նրանց ծնողները: Ամերիկացի մասնագետների հարցումները պարզել են, որ ընտանիքների 90 տոկոսում մինչեւ երկու տարեկան երեխան օրը երկու ժամ հեռուստացույց է դիտում: Սա մասնագետներն անթույլատրելի են համարում:

Հետազոտությամբ պարզվել է, որ հեռուստացույցի առաջ երկար ժամանակ անցկացնող երեխաների շրջանում 7 տոկոսով նվազում է մասնակցությունը դասերին, 6 տոկոսով նվազում է առաջադիմությունը մաթեմատիկայից, 5 տոկոսով ավելանում է մարմնի կշռի ինդեքսը: Մեկ այլ ահազանգ` մասնագետները պարզել են, որ ամերիկյան հեռուստահաղորդումների 75 տոկոսը սեռական բնույթի ինֆորմացիա է պարունակում: Դա երեխաների շրջանում կրկնապատկում է վաղ սեռական ակտիվության, վաղ և անցանկալի հղիության ռիսկը: Մինչեւ 2 տարեկան երեխային ընդհանրապես պետք է հեռու պահել հեռուստացույցից ու համակարգչից: Հակառակ դեպքում կխաթարվի երեխայի ֆիզիկական ու էմոցիոնալ զարգացումը:

 

 

Հեղինակ` Աննա Ղավալյան

ArmnewsTV.am