Դաստակերտում ծնունդներն աճել են

Սիսիանի տարածաշրջանի Դաստակերտ քաղաքը հանրապետությունում ամենափոքր քաղաքն է, որտեղ ապրում է 338 մարդ: Նրանց 70 տոկոսը փախստականներ են: Քաղաքի մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 15 է, դպրոցի աշակերտների թիվը` 51:

Ըստ քաղաքապետ Նաիրի Ֆիլոսյանի, մանկապարտեզն աշխատում է օրական 2 ժամ` առավոտյան 11-ից մինչեւ 13-ը, քանի որ բյուջեի սղության պատճառով չեն կարողանում լուծել երեխաների սննդի խնդիրը:

«Մանկապարտեզը տեղակայված է մշակույթի տան սենյակներից մեկում, որը կահավորված է ամեն ինչով` ունենք հեռուստացույց, երաժշտական կենտրոն, խաղալիքներ,  գրենական պիտույքներ եւ այլն: Այստեղ մշակույթի տան աշխատակիցը երեխաների հետ աշխատում է եւ նրանց նախապատրաստում դպրոցին: Մանկապարտեզը  գործում է անվճար», - «Արմենպրես»-ին ասաց քաղաքապետը:

Նրա հավաստմամբ, առաջիկայում մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը չի պակասի: Անցած տարի քաղաքում արձանագրվել է ծնունդների թվի աճ: 2011-ին ծնվել է 3 երեխա` մեկով ավել նախորդ տարվանից: Քաղաքապետը համոզված է, որ առաջիկայում Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքերի շահագործման վերսկսմանը զուգահետ անհամեմատ կավելանա բնակիչների թիվը եւ մանկապարտեզը կունենա շատ սաներ, կլուծվի նաեւ սննդի խնդիրը եւ այն կաշխատի նորմալ ռեժիմով: