Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի անձակազմn ուրախության միանգամից 2 առիթ ունի: Ապրիլի 24-ի լուսադեմին լույս աշխարհ է եկել Հայկուշ Սաֆարյանի 10-րդ երեխան` արու զավակ:
Միաժամանակ «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի աջակցությամբ Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո ունեցել է եռյակ` տղա և երկու աղջիկ:
Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ: Այժմ փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` մասնագետների անմիջական հսկողության ներքո:
«Հղիության 32-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերությամբ ծնված երեխաներն անհաս են, ծնվել են ցածր քաշով, որը համապատասխանում էր հղիության ժամկետին: Երեխաները ներկա պահին ստանում են անհրաժեշտ բուժում, ինտենսիվ խնամքի կարիք ունենք: Մենք հույս ունենք, որ բուժման ելքը լավ է լինելու»,-ասաց նորածնային բաժանմունքի վարիչ Պավել Մազմանյանը: «Տասերորդ երեխան ընտանիքում և երկար տարիների անպտղությունից հետո ծնված փոքրիկները ուրախություն են, որը խթան է, որպեսզի հայ ժողովուրդը վստահ քայլի առաջ»,-ասաց գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը:
Հայկուշ Սաֆարյանը 40 տարեկան է, ունի 6 աղջիկ և 4 տղա: Չէր սպասում, որ երեխան հենց ապրիլի 24-ին կծնվի, սակայն վստահ է, որ օրը պատահական չէ: «Մեծ ուրախություն է ինձ համար, որովհետև հենց այս օրը ևս մեկ տղա երեխա ծնվեց»,- իր հուզմունքը չթաքցնելով՝ ասաց մայրը, որի ավագ որդին ծառայում է Հայոց բանակում:ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, զրուցեց մայրերի հետ, հետաքրքրվեց նրանց և երեխաների առողջական վիճակով: «Չնայած այսօր հայ ազգի համար տխրության օր է, բայց այս երեխաների ծնունդը, կարծես, խորհրդանշում է ազգի վերածնունդը և շարունակությունը»,-նշեց Արմեն Մուրադյանը` 10-րդ երեխային ծնունդն ընտանիքում որակելով մայրական սխրանք:
Աղբյուրը՝ moh.am



