Մարդահամարը բավականին լայնածավալ գործառույթ է, եւ մենք դեռեւս բնակչության թվաքանակի հետ կապված ցուցանիչ չունենք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին փետրվարի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով` բնական եւ մեխանիկական տեղաշարժերի մշակման արդյունքով բնակչության թվաքանակը 2012-ի տարեսկզբին կազմել է 3 մլն 274 հազար 300 մարդ , որը 2011թվականի համեմատ աճել է 11 700-ով:
«2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 43 447 կենդանի ծնունդ է գրանցվել: 2010-ի համեմատ կենդանի ծնունդները նվազել են 3.1 տոկոսով»,-ասաց նա:
Կույումջյանն ասաց, որ մահացության դեպքերի աճ է գրանցվել: 2010-ի համեմատ մահացության դեպքերը աճել են 0.4 տոկոսով,
2011-ի հունվար-դեկտեմբերին 9.6 տոկոսով աճել են գրանցված ամուսնությունների դեպքերը եւ կազմել` 19 706: 6.4 տոկոսով աճել են նաեւ ամուսնալուծությունների դեպքերը եւ կազմել 3 188: ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետի խոսքով` անցած տարվա ընթացքում 43 447 ծնվածներից 20 287-ը աղջիկներ են, իսկ 23 160-ը` տղաներ:
Իսկ ամենատարածված անունները 2011-ին Մանեն ու Նարեկն են: