2019 թվականի բյուջետային հատկացումների շրջանակում առողջապահության նախարարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել բնակչության առանձին խմբերին՝ անպտղությամբ պայմանավորված: Հայտնում է ՀՀ ԱՆ-ը։
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կիրականացվեն անպտղության պատճառագիտության հետազոտություններ և անպտղության բուժում, այդ թվում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ներկայում ընթանում են շահառուներին ներկայացվող պահանջների ու պայմանների քննարկման և ծրագրի իրականացման ընթացակարգերի հստակեցման, պետական պատվերի տեղադրման, ինչպես նաև դրանց հետ կապված որոշ իրավական ակտերի լրամշակման և համապատասխան փոփոխությունների կատարման աշխատանքները, ինչը կպահանջի որոշակի ժամանակ:
ԱՆ-ն առաջարկում է անպտղության հետ կապված հարցումներն ու դիմումները ներկայացնել աշխատանքների ավարտից հետո, երբ սահմանված կլինեն շահառուների ընտրության չափանիշները, նրանց ներկայացվող պահանջներն ու պայմանները և իրականացման ընթացակարգերը:
Ծրագրի մեկնարկի մասին առողջապահության նախարարությունը առաջիկայում լրացուցիչ հայտարարություն կտարածի։