Սիրելի փոքրիկ, հուսով ենք՝ քեզ դուր կգա մեր ալբոմը: Գիտե՞ս՝ ինչքան ենք չարչարվել, որ քեզ համար ստեղծենք հետաքրքիր ու օգտակար, գեղեցիկ ու նկարազարդ պատկերագիրք: Ուզում էինք պատրաստել մի բան, որը կլինի թե ՛ կրթող եւ թե ՛ զվարճացնող: Նախ՝ որոշեցինք կազմել մի գրքույկ, որի օգնությամբ կսովորես տառերը:
Հետո հասկացանք, որ գուցե ձանձրանաս եւ որոշեցինք այն գունազարդել նկարներով: Բայց ի՞նչ նկարներով: Մտածեցինք, մտածեցինք ու եկանք ընդհանուր հայտարարի՝ ալբոմը գունազարդել կենդանիների պատկերներով: Յուրաքանչյուր տառով սկսվող կենդանու կամ թռչնի անուն գտանք ու պատկերեցինք այստեղ:
Ամբողջ թիմով ուրախացանք, որ վերջապես ստացվեց այն, ինչ ցանկանում էինք: Բայց մեր ուրախությունը երկար չտեւեց, քանի որ մի խելոք փոքրիկ ասաց, որ գուցե իր ընկերները բոլոր կենդանիներին չճանաչեն: Մենք էլ խելք խելքի տվեցինք ու որոշեցինք յուրաքանչյուր տառի էջին պատմել նաեւ պատկերված կենդանու մասին՝ որտե՞ղ է ապրում, ի՞նչ է ուտում, ի՞նչ տեսք ու գույն ունի եւ հնարավո՞ր է, արդյոք, տեսնել Հայաստանի անտառներում: Մի խոսքով, ստացվեց մի պատկերազարդ, իր նմանը չունեցող ալբոմ, որի միջոցով հնարավոր է սովորել հայկական այբուբենի բոլոր 39 տառերը, ճանաչել կենդանիները եւ զարգացնել նկարելու հմտությունը: Ի դեպ, չես մոռացել, չէ՞, որ հայկական գիրը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թ.-ին, դրա համար էլ այդ գրերը կոչվում են նաեւ Մեսրոպյան կամ Մաշտոցյան:
«ՍՈՎՈՐԵՆՔ ՆԵՐԿԵԼՈՎ. տառերի եւ կենդանիների բարեկամությունը» ալբոմն արդեն վաճառքում է: Հարցրեք Հայաստանի բոլոր կրպակներում: