Կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկած երեխաները հինգ անգամ ավելի շատ են հիվանդանում ալերգիայով

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ կեսարյան հատման միջոցով ծնված երեխաները հինգ անգամ ավելի շատ են հիվանդանում ալերգիայով, քան բնական ճանապարհով լույս աշխարհ եկածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով korrespondent.net-ը, ուսումնասիրության ընթացքում Քրիստինա Ջոնսի ղեկավարած գիտնականների խումբը

հետազոտել է 1,2 հազար նորածինների առողջական վիճակը: Բացի պորտալարի միջոցով ստացված տվյալներից, ծնողների եւ երեխաների արյան անալիզներից, կրծքով կաթից, գիտնականները հետազոտության են ենթարկել նաեւ տան փոշին, ալերգիկ հիվանդությունների ընտանեկան պատմությունը, հղիության առանձնահատկությունները, ինչպես նաեւ ծխախոտի ազդեցությունը:

Հետազոտության հեղինակի խոսքով` կեսարյան հատման միջոցով ծնված երեխաները հակում ունեն նաեւ տարբեր վտանգավոր մանրէներ ձեռք բերելու նկատմամբ:

Ավելի վաղ գիտնականները հայտնել էին, որ բնական ճանապարհով լույս աշխարհ եկած երեխաները հակված են ունենալ նաեւ ինտելեկտի` IQ-ի ավելի բարձր մակարդակ: