Պտղի ներարգանդային վիճակի գնահատման նպատակով վերջին տարիներին մի շարք թեստեր են առաջարկվել, որոնք լայնորեն կիրառվում են գործնական մանկաբարձության ոլորտում:
Այդ անտենատալ թեստերի նպատակներն են.
- հայտնաբերել կամ կանխատեսել պտղի համար վտանգավոր իրավիճակները,
- ստացված տվյալների ճիշտ մեկնաբանման և համապատասխան գործողությունների միջոցով նվազեցնել պերինատալ շրջանի բարդությունների հաճախականությունը կամ ծանրությունը և կանխել ոչ անհրաժեշտ միջամտությունների թիվը,
- ընտրել ծննդալուծման ամենահարմար ժամանակը և եղանակը:
Ներկայումս առավել հաճախ կիրառվող անտենատալ թեստերն են.
Պտղի շարժումների գնահատումը
Պտղի շարժումների առկայությունը նրա լավ վիճակի լավագույն վկայությունն է: Եթե հղին զգում է շարժումները, և այդ զգացողության հաճախությունն ու ինտենսիվությունը չի նվազում, կարելի է եզրակացնել, որպտուղը առողջ է, և նրան որևէ վտանգ չի սպառնում:
Պտղի շարժումների նվազումը կամ դադարումը կարող են նախորդել պտղի մահվանը մեկ և ավելի օրերի ընթացքում: Սակայն պտղի շարժման որպես կլինիկական գնահատման մեթոդի կիրառման դժվարությունը պայմանավորված է դրա քանակական հաշվարկման և նորմատիվ սահմանումների բարդությամբ: Ստուգված է, որ պտղի շարժումը կախված է ինչպես հղիության ժամկետից, այնպես էլ օրվա ժամանակահատվածից:
Արգանդի հատակի բարձրությունը և որովայնի շրջագիծը հղիության ընթացքում
Չափվում են բժշկի կողմից և կլինիկորեն արժևորվում են հատկապես 20-36 շաբաթական ժամկետում: Հատկապես արգանդի հատակի բարձրության որոշումը կարող է որպես թեստ կիրառվել հետագա սկրինինգային հետազոտությունների ժամանակ:
Պտղի սրտի զարկերի լսում
Պտղի սրտի զարկերի լսումը շատ կարևոր նշանակություն ունի պտղի վիճակի գնահատման համար: Հատկապես այն առավել արժեքավոր է դառնում, երբ գրանցվում է որոշակի ժամանակի ընթացքում: Պտղի սրտի զարկերի գրանցման սկզբունքը հիմնված է դոպլերի էֆեկտի վրա: Պտղի սրտի զարկերի և նրա շարժողական ակտիվության միաժամանակյա գրանցումը (ոչ սթրեսային թեստ)հնարավորություն է տալիս գնահատելու պտղի սրտի ռիթմի փոփոխությունն ի պատասխան նրա շարժման:
Սթրեսային կծկողական թեստ
Առողջ, նորմալ պտուղը, առանց որևէ դժվարության, տոկունություն է ցուցաբերում արգանդի կծկումների նկատմամբ: Մինչդեռ արգանդի խոռոչում ինչ-որ պատճառից տուժված պտուղը հաճախ անկարող է լինում դիմանալ արգանդի կծկման հետևանքով առաջացող թթվածնի անբավարար մատակարարմանը, որը դրսևորվում է պտղի սրտի զարկերի հաճախության նվազումով:
Թեստը իրականացվում է հետևյալ ձևով. ներարկվում է արգանդի կծկում առաջացնող դեղորայք` մինչև 10 րոպեի ընթացքում ստացվեն 3 կծկանքներ: Ի դեպ, կծկանքները կարող են ստացվել նաև կրծքագեղձերի պտուկների խթանման ժամանակ:
Պտղի կենսաֆիզիկական պրոֆիլ
Պտղի կենսաֆիզիկական պրոֆիլնիրենից ներկայացնում էհետևյալ 5 կենսաֆիզիկական ցուցանիշների համադրություն.
- պտղի շնչառական շարժումներ.10 րոպեի ընթացքում նվազագույնը 1 շարժում,
- մարմնի շարժում. նվազագույնը 3 առանձին շարժում 10 րոպեի ընթացքում,
- պտղի մկանային տոնուս. վերին և ստորին վերջույթները գտնվում են ծալման վիճակում
- ամնիոտիկ հեղուկի ծավալը
- ոչ սթրեսային թեստ:
Թեստն իրականացվում է 8, առավելագույնը 30 րոպեների ընթացքում: Վերը նշված պարամետրերից յուրաքանչյուրը գնահատվում է 0-1-2 նիշով: Արդյունքում գումարային ունենում ենք առավելագույնը 10 նիշ:
Եթե պտղի կենսաֆիզիկական պրոֆիլը գնահատվում է 8-10,ապա նորածնի մահացության ռիսկը 1% է:
Եթե գնահատականը 6-8 է, պտղի վիճակը գնահատվում է կասկածելի, և բժիշկը կարող է կրկնել թեստը որոշ ժամանակ անց կամ կատարել այլ թեստ:
Եթե գնահատականը 4 է, դա ցուցում է համարվում ծննդալուծման համար:
Եթե գնահատականը 0-2 է, ապա անհետաձգելի վիճակ է, անհրաժեշտ է շտապ միջամտություն, ծննդալուծում ծննդաբերության խթանման կամ կեսարյան հատման միջոցով:
Դոպլերոգրաֆիա
Սա նույն ուլտրաձայնային հետազոտությունն է երկչափման ռեժիմով, կիրառվում է պտղի սրտի զարկերը հայտնաբերելու և գնահատելու, ինչպես նաև ախտահարված անոթներում արյան հոսքը գնահատելու համար:Այդ տեխնիկան կիրառվում է պտղի պորտային զարկերակում, ինչպես նաև արգանդի զարկերակում արյան հոսքի արագությունը ցույց տալու համար: Դոպլերոգրաֆիան կարևոր տեղեկություն կարող է տալ պտղի զարգացման դանդաղման, մոր զարկերակային ճնշման բարձրացման կամ ընկերքում ախտաբանական փոփոխությունների դեպքում: Հատկապես կարևորվում է դոպլերոգրաֆիայի դերը բազմապտուղ հղիության ժամանակ:
Դոպլերոգրաֆիան մեծ նշանակությունև արդյունավետություն ունի բարձր ռիսկի խմբի հղիների շրջանում պերինատալ մահացության իջեցման գործում, բայց եթե կիրառվում է առանց ընտրության, որպես սկրինինգային թեստ, ազդեցություն չունի:
Առողջ եղեք
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյան