«Ամբողջ տարածաշրջանում՝ Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում, մենք այսօր ունենք էնտերովիրուսային հիվանդության բարձրացում, և, ցավոք սրտի, բացի նրանից, որ այն բարձրացել է, ունենք նաև այդ հիվանդության մի շարք արտահայտումներից ամենածանր ձևը, որը կոչվում է մենինգիտ (ախտահարում է գլխուղեղի թաղանթները)»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը:
Ա. Ասոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում այդ հիվանդությամբ վարակվածները հիմնականում կուտակվում են 3 հիմնական հիվանդանոցներում՝ Արաբկիր բժշկական կենտրոնում, Սուրբ Աստվածածին հիվանդանոցում (Ծերեթելի) և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:
«Բավական շատ են դեպքերը, բայց միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ այս վիրուսից հարուցված մենինգիտը բավական լավ է ենթարկվում բուժման, ընդամենը 2 կամ 3 օր բուժումից հետո մենք ունենում ենք փայլուն արդյունք»,- ասաց Ա. Ասոյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս համաճարակի տարածումը տարածաշրջանում, ինֆեկցիոնիստը պատասխանեց. «Սա այն բացառիկ վիրուսն է, որի հետ կապված ես ինքս, որպես մասնագետ, շատ հարցականներ ունեմ, որովհետև բավական երկար ժամանակ՝ 30 տարուց ավելի, աշխատում եմ ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում, սակայն նման համաճարակ չեմ հիշում: Չեմ հիշում, որ էնտերո վիրուսն այսքան մենինգիտ առաջացնի: Մասնագիտական գրականության մեջ, ճիշտ է, նկարագրվում է, բայց այսօր ամեն ինչն է փոխվել, այդ թվում՝ էնտերո վիրուսը, ջրծաղիկը: Մենք, ցավոք սրտի, ջրծաղիկից մահվան դեպքեր ենք ունենում: Օրինակ, վերջին 3 տարում գրանցվել է ջրծաղիկից 5 մահ, բայց էնտերո վիրուսից, փառք Աստծո, դեռ չունենք մահվան դեպք»:
Շարունակությունը` http://168.am/