Հարգելի´ ընթերցող, արդեն մի քանի ամիս պատասխանելով ձեր կողմից ուղղված հարցերին` ցանկանում եմ պատասխան ուղերձ հղել ձեզ:
«Իմ փոքրիկ» կայքն ամեն բան անում է` յուրաքանչյուր ընթերցողի հետաքրքրություններին և կարիքներին համապատասխան նյութեր տրամադրելու համար: Այդ նպատակով նաև մասնագետների հետ ապահովում է կենդանի շփում, հարց ու պատասխան:
Այս ընթացքում բազմաթիվ հարցեր են եղել, որոնց պատասխանները դուք կարող եք տեսնել կայքում: Հարցերը, որոնք տրվում են, բազմազան են և դրանց գրագետ ու մասնագիտորեն ճիշտ պատասխանելու համար, այնուամենայնիվ, առաջանում են որոշակի խնդիրներ: Բնական պայմաններում որևէ հոգեբանական կամ բժշկական խնդրի վերաբերյալ հստակ եզրակացություն անելու համար, դուք գիտեք, որ անհրաժեշտ են լինում բազմաթիվ հետազոտութուններ, բժշկի կամ հոգեբանի դիտարկումը, այցելուի կամ հիվանդի հետ հարցազրույցը, նրա գանգատների ուսումնասիրումը, որոշակի ժամանակ և այլն: Նմանատիպ հարց ու պատասխանի դեպքում մասնագետը, որն ընթերցում է հարցը և պետք է պատասխանի, բավական բարդ իրադրության մեջ է հայտնվում: Նա պիտի բավական կարճ հարցի բովանդակությունից հասկանա խնդիրը, կռահի հարցին առնչվող այլ պայմանները և փորձի ստույգ, կարճ, հնարավորինս դիպուկ պատասխան տալ. պատասխան որից կախված է տվյալ հարցատուի գուցե որոշումը, առողջության հետ կապված հետագա քայլերը: Կարծում եմ` պարզ է, որ շատ պատասխանատու և դժվարին իրավիճակում են հայտնվում մասնագետները:
Այս ամենը ասելու հետ մեկտեղ ուզում եմ օրինակով ցույց տալ, թե երբեմն հարցերը որքան դժվար դրության մեջ կարող են դնել մասնագետին և արդյունքում` պատասխանն էլ կարող է ոչ մի կերպ օգտակար չլինել հարցատուին:
Նման դեպքեր կարող են լինել, երբ հարցը չի պարունակում բավարար չափով տեղեկատվություն: Ասենք, օրինակ` «երեխան լացում է` գիշերը արթնանալով, ինչից կարող է դա լինել»: Այստեղ հարցը անգամ նվազագույն տեղեկություններ չի պարունակում նրան պատասխանելու համար: Մեկ այլ օրինակ` «երեխան կակազում է, ինչպես կարող ենք հաղթահարել այդ խնդիրը»: Այս հարցը նման է, որ մեկը բժշկին հարցնի «ինչպես կարող ենք բուժել ստամոքսի խոցը»: Բնականաբար նման դեպքերում որևէ մասնագետ ձեզ չի կարող բացատրել, կամ մեկ պատասխանով օգնել` բուժելու երեխայի կակազը կամ ստամոքսի խոցը:
Օրինակ` կակազի վերաբերյալ ճիշտ հարցը կարող է այս կերպ հնչել. «Երեխան 4 տարեկան է, տղա, ընտանիքում միակ երեխան է: Ապրում ենք մեծ ընտանիքում` 8 հոգով, տատիկի, պապիկի, հորեղբոր ընտանիքի հետ: Սկսել է կակազել 2 ամիս առաջ: Փորձել ենք տարբեր մեթոդներով օգնել, որևէ արդյունքի չենք հասել: Ինչպես վարվենք»: Այս դեպքում մասնագետը խորհուրդ կտա անպայման դիմել հոգեբանի և լոգոպեդի ծառայությանը` բացատրելով երկուսի անհրաժեշտությունը և կակազի վտանգավորությունը երեխայի խոսքի, շփման և անձի ձևավորման հարցում: Մեկ այլ օրինակ` «երեխան 3 տարեկան է, աղջիկ, ապրում ենք 4 հոգով, մայրիկը, հայրիկը և փոքրիկ քույրիկը, որը 3 ամսական է: Վերջին ամիսներին երեխայի վարքը դարձել է շատ անկանոն, ագրեսիվ և դժվար կառավարելի: Ինչից կարող է լինել դա, ինչպես վարվենք»: Նման դեպքում մասնագետն ունի առնվազն նվազագույն տեղեկություններ երեխայի, նրա շրջապատի և խնդրի վերաբերյալ և կարող է պատասխանել:
Հաշվի առնելով վերոնշյալը ու եթե ցանկանում եք բավարար և օգտակար տեղեկություններ ստանալ, հասկանալ` ինչ ուղղությամբ կարելի է շարժվել, պետք է առաջնորդվեք մի շարք պահանջներով: Հարցը պետք է պարունակի խնդրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ`
- խնդիր ունեցողի տարիքը,
- սեռը,
- եթե երեխա է, ապա որերորդն է ընտանքիում,
- ում հետ է ապրում,
- երեխայի քույրերի և եղբայրների մասին, նրանց տարիքը,
- խնդրի առաջացման պահը,
- հիմնական իրավիճակը, որում գտնվում է տվյալ խնդիրն ունեցող մարդը,
- այլ կարևոր տեղեկություններ, որոնք կարող են կապ ունենալ խնդրի հետ` ըստ ձեզ:
Շնորհակալություն մեզ վստահելու համար:
«Իմ փոքրիկ»-ի անձնակազմ, հոգեբան` Անուշ Ալեքսանյան