Հոնկոնգում լույս աշխարհ է եկել արդեն հղի նորածին. Live Science

Հոնկոնգցի բժիշկներն առնչվել են անչափ զարմանալի ու բացառիկ դեպքի. նորածին աղջիկը լույս աշխարհ է եկել արդեն հղի` իր մեջ կրելով 2 սաղմ: Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ Live Science ամսագրին հղումով, սա հազվագյուտ դեպք է, երբ սաղմը գտնվում է սաղմի մեջ:

Նման դեպքեր տեղի են ունենում յուրաքանչյուր կես միլիոն հղիությունը մեկ: Կենսաբանական այս երևույթի պատճառների վերաբերյալ բժիշկներն ընդհանուր հայտարարի չեն եկել: Օրինակ` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գտնում է, որ նորածնի ներսում եղած պտուղն ընդամենն ուռուցքի տեսակ է, բայց հոնկոնգցի բժիշկները պնդում են, որ նորածնի մարմնում հայտնաբերվել է 2 սաղմ:

Ներկայում նորածին աղջիկը գինեկոլոգների հատուկ հսկողության տակ է: Նշվում է, որ 3 շաբաթական աղջկան վիրահատելուց հետո նրա որովայնային խոռոչից հանվել են 9.3 և 14.2 գր քաշով պտուղներ: Երկուսի մոտ էլ բժիշկները հայտնաբերել են աղջկան կպած պորտալարեր:

Մասնագետները ենթադրում են, որ աղջիկը եղել է եռյակից մեկը, սակայն ժամանակի ընթացքում անհայտ պատճառներով իր մեջ է կլանել 2 սաղմը:


Աղբյուրը հավելում է, որ ժամանակակից բժշկության պատմության մեջ արձանագրվել է նման 200 դեպք:

 

Աղբյուրը՝ tert.am