Հայրության ճանաչման անվան տակ իրականացվում է երեխաների առք ու վաճառք

Գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում այս տարի Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ ուսումնասիրվել և ամփոփվել է ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների և այդ գործերով ներկայացված մեղադրանքի պաշտպանության պրակտիկան։ Այս մասին «ԱՐ» հեռուստատեսության «Քննության գաղտնիքը» հաղորդման ժամանակ նշեց Գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը։

Անչափահասների դեմ և անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների վիճակագրությունը, ըստ նրա, չի արտացոլում իրական պատկերը, քանի որ դրանց մասին երեխաները չեն բարձրաձայնում՝ իրենց տարիքային առանձնահատկություններից ելնելով, ինչպես նաև՝ շահագրգռված լինելով գործի չբացահայտմամբ։ Այդ հանցագործությունները, մեծամասամբ՝ 57%-ով, անչափահասներին հանցագործությունների կատարման մեջ ներգրավման դեպքերն են. կան նաև թրաֆիքինգի՝ մուրացկանության դրդման և դրամը յուրացնելու, սեռական բռնությունների դեպքեր։

«Մեր ուսումնասիրությունները ի հայտ բերեցին այս առումով խոցելի խմբերին. նախ անչափահասներն իրենք խոցելի խմբում են՝ ելնելով տարիքային առանձնահատկություններից, բացի դրանից՝ առավել խոցելի են այն անչափահասները, որ ոչ լիարժեք ընտանիքներում են մեծանում»,- ասաց Դավթյանը՝ նշելով, որ որոշվել է համագործակցել այս խնդրով զբաղվող հաստատությունների, կազմակերպությունների հետ, և ուշադրության կենտրոնում պահել նման ընտանիքներում մեծացող երեխաներին։

Ըստ նրա՝ երբեմն տուժածները կամ նրանց հարազատները չեն գիտակցում, որ իրենց նկատմամբ արված արարքը հանցագործություն է՝ քրեորեն պատժելի։

«Ուսումնասիրությունները ցույց տվեցին նաև, որ վերջին տարիներին հանրապետությունում արձանագրվել են նաև երեխայի առք ու վաճառքի դեպքեր։ Քննությունը ցույց տվեց, որ այս բնույթի հանցագործություններին հաճախ մասնակից են լինում, կամ եթե մասնակից չեն, ապա տեղյակ են լինում այդ մասին, համապատասխան բուժհաստատության աշխատակիցները, որտեղ կինը ծննդաբերում է»,- հաղորդեց նա։

Ըստ Դավթյանի՝ քաղաքացիական ակտերի գրանցմամբ հայրությունը ճանաչում է մեկը, ով փաստացի գնում է երեխային այս միջոցով։ Նա նշեց, որ այս ոլորտն իրավական զարգացման կարիք ունի, քանի որ ներկա օրենքով հայրության ճանաչումը գրանցող պաշտոնյան որևէ իրավունք չունի ճշտել այդ տեղեկատվությունը, «որպեսզի այս՝ երեխայի հայրությունը ճանաչելու դեպքով չիրականացվի երեխայի առք ու վաճառք»։ Իրավական կարգավորումն, ըստ Դավթյանի, այստեղ բախվում է ընտանիքի գաղտիության հարգման խնդրի հետ, սակայն հարցի իրավական լուծում  գտնել անհրաժեշտ է։

 

Tert.am