Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 5 տոկոսը՝ խիստ թերաճ

Հայաստանում մեկ տարի է, ինչ գործում է «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը երեխայի կյանքի առաջին 1000 օրերի ընթացքում:

ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներն ամփոփեցին ծրագրի արդյունքները՝ ներկայացնելով Հայաստանում երեխաների առողջության և սնուցման առկա իրավիճակը, պետության ռազմավարությունն ու ընթացիկ բարեփոխումները, կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:

«Առաջին 1000 օրը ներառում են պտղի ներարգանդային զարգացման 9 ամիսն ու երեխայի ծնունդին հաջորդող 2 տարին: Մոր և երեխայի ճիշտ սնուցումը, գրագետ խնամքը կարևոր են հետագա ամբողջ կյանքի համար, քանի որ այս տարիքում աճի և զարգացման տեսանկյունից կորցրածը հնարավոր չէ հետագայում վերականգնել անգամ լավագույն սնուցման և խնամքի կազմակերպման դեպքում»,- ասում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը ներկայացնում է նաև վիճակագրական տվյալներ: «Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 5 տոկոսը՝ խիստ թերաճ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թերաճության պատճառը շատ ժամանակ ոչ ճիշտ սննդակարգն է, որը հաճախ ծնողների գիտելիքների պակասի հետևանք է»,-ասում է նա:

Աղբյուրը՝ panorama.am