Հայաստանում անպտղությունը նվազել է 1-2 տոկոսով

Հայաստանում վերջին մեկ-երկու տարիների ընթացքում վերարտադրողական բժշկության զարգացման միտում ենք տեսնում, որի արդյունքում անպտղության տոկոսն սկսել է իջնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր, Հայաստանում մարդու վերարտադրողականության հայկական ասոցիացիայի նախագահ, Fertillity center-ի հիմնադիր տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:

Նա նշեց, որ վերջին տվյալներով` անպտղության տոկոսն իջել է 1-2 տոկոսով: «Հայաստանում անպտղությունը կազմում է 16-18 տոկոս, իսկ հիմա արդեն 15-15,5 տոկոս է դարձել: Հարյուրավոր  ընտանիքներ, որոնք այլ տարիների անպտուղ կմնային, հիմա հնարավորություն ունեն զավակներ ունենալ»,-ասաց վերարտադրողական բժշկության մասնագետը: Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ Հայաստանում զույգերն ունեն այն բոլոր խնդիրները, ինչ ունենում են ամբողջ աշխարհում: «Այնպես չէ, որ Հայաստանում արտառոց խնդիրներ կան»,-ասաց կենտրոնի հիմնադիր տնօրենը:


Նա նշեց, որ հիմնականում խնդիրն այն է, որ հաճախ զույգերը  ֆինանսական հնարավորություն չունեն, թեև բոլոր երկրներում էլ միշտ չէ, որ զույգերը կարող են դիմել մի քանի անգամ թանկ վերարտադրողական մեթոդների: «Այսինքն տեխնոլոգիաները կան, բժշկությունը պատրաստ է, հիվանդը կա, սակայն ֆինանսներ չկան, որ դիմեն»,- ասաց նա:


Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ Հայաստանում այս հարցում մեծ աջակցություն է ցուցաբերում «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը: «Այսօր «Արագիլը» լրացնում է այս բացը, և մենք կարծում ենք, որ արդեն պետական աջակցություն ևս կլինի»,- ասաց նա:


Հարցին, թե հիմնականում, որ սեռն է ավելի շատ ունենում խնդիրներ, նա պատասխանեց. «սեռերի խնդիրները հավասարապես են կիսվել, 40 տոկոս տղամարդկանց մոտ է, 40 տոկոս` կանանց և մոտավորապես 10-20 տոկոսի դեպքում`երկուսի մոտ էլ խնդիրները կարող են լինել»,- ասաց նա:


Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ այստեղ գենդերային խնդիրներ չկան, թեև կնոջ օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիաներն ավելի բարդ են, և նրանց մոտ խնդիրները, երբեմն, ավելի հաճախ են հանդիպում: Չնայած դրան` նա նաև ասաց, որ շատ դեպքերում` մինչև 15-20 տոկոս անհայտ պատճառների խնդիրներ կան, որոնք բժշկությունը չի կարողանում հայտնաբերել:


Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, անդրադառնալով ընդհանրապես ծնելիության խնդիրներին, ասաց, որ այսօր ամենաառաջնային խնդիրը ցածր ծնելիությունն է: «Առաջընթաց չկա, ընդհակառակը, բացարձակ թվով դեռ շարունակաբար պետք է նվազի ծնելիությունը, որովհետև ծնող համակցությունը շարունակաբար պակասելու է»,- ասաց նա և նշեց, որ պատճառն այն է, որ վերարտադրողական տարիք են մտնում ավելի քիչ մարդիկ` հիմնականում 90-ականների ծնվածները, որոնք ավելի քիչ են: «Այստեղ ոչ թե բժշկական, առողջապահական խնդիրներն են կարևոր, այլ կարևոր է սոցիալտնտեսական իրողությունները, և իրավիճակը բարելավման հույսեր չի ներշնչում»,-ասաց նա:

 

Շարունակությունը՝ tert.am