Ազգային ժողովը նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ միաձայն` 98 կողմ, 0-ական դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագծիը:
Այն ԱԺ շրջանառության մեջ է դրվել դեռևս 2011-ին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կրծքով սնուցման խրախուսման նախաձեռնությունը Հայաստանում սկսվել է դեռևս 1993-ին: Ծրագիրը, որը 1994-ին հաստատվել էր ՀՀ ԱՆ կողմից, ենթադրում էր կրծքով սնուցման խրախուսման և աջակցման գործելակերպի խթանում բուժաշխատողների ու ծնողների շրջանում և հիմնարար կազմակերպա-կառուցվածքային փոփոխությունների իրականացում ծննդօգնության հաստատությունների մակարդակով: Ծրագրի առաջընթացը ակնհայտ էր, սակայն 2000-ին հաջորդող տարիների ցուցանիշի աճի տեմպերը զգալիորեն նվազել են, իսկ 2006-ին նկարագրվել է նույնիսկ որոշակի իջեցում: Մանկական սնունդ արտադրողները և բաշխողները, մանկական սննդի պահանջարկը մեծացնելու նպատակով, ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, օգտվելով օրենսդրության անկատարությունից կիրառում են խրախուսման և վաճառահանման այնպիսի եղանակներ, որոնք բացասաբար են ազդում կրծքով սնուցման ցուցանիշների վրա:
1981-ին ԱՀԿ-ն և ՅՈւՆԻՍԵՖ-ն ընդունել են «Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգիրքը», որը խորհրդատվական և ոչ պարտավորեցնող բնույթ ունի, բայց կառավարությունները և կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները ստորագրել են այն: Օրենսգիրքը պարտադրում է, որ բոլոր մայրերը ճշգրիտ տեղեկատվություն ստանան կրծքով սնուցման առավելությունների և արհեստական սնուցումից բխող հնարավոր հիվանդությունների և բարդությունների մասին: Սույն օրենսգիրքը ադապտացրել և իրենց ազգային օրենսդրության մեջ են ներառել եվրոպական տարածաշրջանի երկրներից մեծամասնությունը: Հայաստանը նույնպես միացել է «Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգրքին», սակայն միայն որոշ դրույթներ են ընդունվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, և որեւէ այլ ազգային օրենսդրություն, որը կապահովեր օրենսգրքի իրականացման անհրաժեշտ վերահսկում, դեռևս չի ընդունվել:
Մանրամասն` http://www.panarmenian.net/