Լոռիում ավելացել է երեխա որդեգրել ցանկացողների թիվը

2014թ-ին Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների բաժնի կողմից հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 17 երեխա (2013-ին՝ 19), երեխա որդեգրել ցանկացող 16 անձ (2013-ին՝ 7), որդեգրման ենթակա՝ 22 (2013-ին՝ 13), մանկուց հաշմանդամ՝ 3 երեխա (2013-ին՝ 5):

«Բաժնի կողմից ուսումնասիրվել են կյանքի դժվարին իրավիճակում գտնվող թվով 327 երեխաներ եւ ընտանիքներ, կատարվել է նրանց կարիքների գնահատում: Ուսումնասիրման եւ գնահատման արդյունքների հիման վրա մշակվել են կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր եւ ապահովվել դրանց իրականացումը համապատասխան հաստատություններում: Կատարվել են տնայցեր երեխաներին մանկատուն, խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն տեղավորելու նպատակով, որոնց արդյունքում որոշ երեխաներ տեղավորվել են հաստատություն, որոշների մուտքը կանխարգելվել է ընտանիքին որեւէ աջակցություն կամ խորհրդատվություն տրամադրելու արդյունքում»,-տարվա ամփոփ հաշվետվության ժամանակ ներկայացրեց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց ու երեխաների իրավունքների բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:

Տարվա ընթացքում 30 երեխա տեղավորվել է մանկատանը, որից Վանաձորի մանկատուն են տեղավորվել առանց ծնողական խնամքի մնացած եւ կյանքի եւ առողջության համար անբարենպաստ պայմաններում գտնվող թվով 27 երեխա: Մասնագիտացված մանկատուն է տեղավորվել առողջական խնդիրներ ունեցող 3 երեխա, որից 2-ը՝ Գյումրու մանկատուն եւ 1-ը՝ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն:

Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն է ընդունվել 25, Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն՝ 2 երեխա:

Աշխատանքներ են տարվել ամուսնալուծվող ընտանիքների երեխաների ծնողներից մեկի մոտ մնալու կամ տեսակցության հարցերի ուղղությամբ: Աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներին անդրադառնալով, բաժնի պետը նշեց. «Դատական վարույթի ընթացքում լինում են դեպքեր, երբ դատական նիստերը նշանակվում են բավականին երկարաժամկետ ու բաց է մնում երեխաների ծնողներից մեկի մոտ մնալու խնդիրը՝ մինչ դատարանը որոշում կկայացնի: Օրինակ, դեկտեմբերի 10-ին դիմում է մուտքագրվել դատարան եւ դատական նիստը նշանակվել է մարտի 20-ին: Այսինքն՝ այս ամբողջ ժամանակահատվածում դեռ պարզ չի, թե երեխաները ամուսնալուծվող ծնողներից որ մեկի մոտ են մնալու»:

Բաժինն աշխատանքներ է իրականացնում նաեւ ծննդյան վկայական չունեցող երեխաների հայտնաբերման ուղղությամբ: 2014թ-ի  ընթացքում հայտնաբերվել է  ծնունդը չգրանցված 5 երեխա, որից 3-ի ծննդյան փաստի հայտնաբերումից հետո գրանցվել է, 1-ի գրանցումն ընթացքի մեջ է, եւս 1 երեխայի ծնունդը չի գրանցվում ծնողի անտարբերության պատճառով:

2014թ-ի ամփոփ տվյալներով՝ Լոռու մարզում խնամատարություն է իրականացվում  5 ընտանիքում:

2014թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ, ոստիկանության անչափահասների գործերով բաժնում հաշվառվել է մուրացիկ-թափառաշրջիկ 9 երեխա, որից 4-ը Վանաձորում, 4-ը՝ Սպիտակում, 1-ը՝ Թումանյանում: 2013-ին հաշվառվել էր 6 երեխա:

Գայանե Սարգսյան

Աղբյուրը՝ asparez.com