Թթի պատճառով երեխաներ են հոսպիտալացվել

Հունիսի 5-ի երեկոյից Ճամբարակի առողջության կենտրոն է դիմել 32 անձ, որոնցից 7-ը` մինչ 10 տարեկան:  Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեխաներից 5-ը բուժում է ստանում ստացիոնար պայմաններում, 2-ը դուրս են գրվել, նրանց բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում:

Հոսպիտալացվածներից 29-ը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից են, 3-ը` Ճամբարակից: 32 տուժածից 7-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը` բավարար: Եվս 20 հիվանդ Վահան գյուղում բուժում է ստանում ամբուլատոր պայմաններում: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարականով նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբն անմիջապես մեկնել է Ճամբարակ: Մասնագիտական խմբի կազմում է նաև ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

«Այս պահին բակային համայցերը շարունակվում են` նոր տուժածներ հայտնաբերելու նպատակով: Թունավորման պատճառը պարզելու նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև կատարվում են լաբորատոր հետազոտություններ: Նախնական տվյալներով՝ սննադային թունավորում է` բոլոր տուժածները կերել են թութ»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:


Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն