Հորմոններով հարստացված տարբեր սննդամթերքների օգտագործումը վտանգավոր է հատկապես երեխաների համար, քանի որ կարող են մինչև 7-8 ամսով արագացնել սեռական հասունացման պրոցեսները: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության գլխավոր մասնագետ Մարտին Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ վտանգներ է պարունակում արական հորմոններով՝ տեստոստերոնով հարստացված սննդամթերքը մարդու առողջության վրա:
«ժամանակ»-թերթը տեղեկացրել էր, որ այսօր էլ մի շարք խանութներում՝ հատկապես «Երևան Սիթի» սուպերմարկետներում, վաճառվում են արական հորմոններով հարստացված ներկրված հավեր: Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատոր փորձաքննությունը պարզել էր, որ Հայաստան ներկրվող «Սադիա» տեսակի սառեցված հավերը և սառեցված ճտերը, ինչպես նաև «Ֆրանգոսուլ» ապրանքանիշի հավերը տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն են պարունակում: Ըստ մասնագետի՝ հորմոնալ պրեպարատները կարող են առաջացնել ալերգիաներ, ունեն կոնցերոգեն ազդեցություն, ազդում են ռեպրոդուկտիվ ֆունկցիաների վրա: «Մինչև իսկ առաջացնում են անպտուղություն՝ աղջիկների, և իմպոտենցիա՝ տղաների մոտ, վտանգավոր են հղիների ու պտղի համար, քանի որ կարող են առաջացնել պտղի զարգացման խաթարումներ, և երեխան կարող է ոչ լիարժեք ծնվել»,- ասում է բժիշկը:
Աղբյուրը՝ tert.am