Երկրաշարժի վախից երեխային ազատելու համար կարելի է խորանարդիկներով շենքեր կառուցել-քանդել

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Վան քաղաքի մերձակայքում տեղի ունեցավ երկրաշարժ, որը 4-5 բալ ուժգնությամբ զգացվեց նաեւ Հայաստանի տարածքում: «Երկրաշարժի ժամանակ ես մասսայական վախ չեմ նկատել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հոգեբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Աղուզումցյանը: Ըստ նրա' փորձը ցույց է տալիս, որ երկրաշարժից հետո այն մարդիկ, որոնք անմիջականորեն զգացել են երկրաշարժի հետեւանքները եւ ունեն բավականին ծանր փորձ, մոտավորապես 15 օր ունենում են անտարբերության զգացողություն, եւ այդ պարագայում նրանց հետ հոգեբանական աշխատանք շատ դժվար է կազմակերպել: Մարդը գտնվում է մի տեսակ «արգելակված» վիճակում: Այս դեպքում միակ մոտեցումը, ըստ հոգեբանի, նրա նկատմամբ տածած ուշադրությունն է: «Հաղորդակցվելն անհանգստությունը հանելու հոգեբանական հզոր մեխանիզմ է»,-հավելեց նա:

Ռ .Աղուզումցյանի խոսքով' քանի որ երեխաները հստակ պատկերացում չունեն երկրաշարժի մասին, նրանց նկատմամբ կիրառում են հոգեբանության մեջ գործող պարզունակ մեթոդներ, օրինակ' խորանարդիկներով շենք են կառուցում եւ ապա քանդում այն' այսպիսով երեխայի միջից հանելով վախը երկրաշարժի նկատմամբ:

ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտական աշխատող Րաֆֆի Դուրգարյանը, անդրադառնալով երկրաշարժին, նշեց, որ սեյսմիկ իրադարձությունները լինում են թույլ, զգալի եւ ուժեղ: Հոկտեմբերի 23-ի դեպքում մենք գործ ունեինք ուժեղ տիպի երկրաշարժի հետ, որը 200 կմ հեռավորության վրա զգացվեց 4-5 բալ ուժգնությամբ: Այն հարցին, թե ինչպես նախօրոք կանխատեսել երկրաշարժը, Ր. Դուրգարյանը պատասխանեց, որ երկրաշարժը հնարավոր չէ կանխատեսել, պետք է ուղղակի կարողանալ մարդկանց նախապատրաստել երկրաշարժի դեպքում կիրառվող հստակ վարքականոններին:

 

armenpress.am