Եղվարդի մանկապարտեզում գրանցված թունավորման պատճառը դիզինտերիան է. փոխնախարար

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված թունավորման պատճառը դիզինտերիան է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:

 

«Հիվանդության տեսակը հայտարարվել է դիզինտերիա, որի առնչությամբ համապատասխան միջոցառումներ են իրականացվել: Հիվանդությունը այդքան խորը չէր, ուստի կարողացանք ժամանակին կանխարգելել և համապատասխան բուժօգնություն տրամադրել երեխաներին»,- նշեց փոխնախարարը` հավելելով, որ նախնական տվյալների համաձայն` հիվանդությունը կապված է մանկապարտեզում սննդի հիգիենայի պայմանների վերահսկման և կազմակերպման հետ:

Նրա խոսքերով` Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված թունավորման մասին առաջին իսկ ահազանգը ստանալուց հետո ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ` Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, որն արագ բուժօգնություն է կազմակերպել Եղվարդում:

«Մենք կարողացանք շատ արագ համապատասխան բուժօգնություն կազմակերպել Եղվարդում: Տեղում են եղել  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները և գլխավոր վարակաբանը` նախարարի գլխավորությամբ»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ բացի այդ, ձևավորվել էին չորս կանխարգելիչ աշխատանքային խմբեր, որոնք և մանկապարտեզում, և հիվանդների տանը աշխատանքներ են տարել` հիվանդ երեխաներին հիվանդանոց բերելու համար:

Մանրամասը` http://www.panorama.am/