Ամանորի հրաշքը հասավ նաեւ Բյուրեղավանի բարեգործական ճաշարան. «Իմ փոքրիկ»-ի նախաձեռնությունը (լուսանկարներ)

Հայ օգնության ֆոնդի Բյուրեղավանի բարեգործական ճաշարանում դեկտեմբերի 28-ին միայն գդալների ու  շերեփների զնգոց չէ,  որ լսվում էր: Այդ օրը ճաշարանից մանկական ուրախ թոթովանք, խինդ ու ծիծաղ էր հորդում: «Իմ փոքրիկ»-ի թիմի նախաձեռնությամբ  ճաշարանի կրտսեր այցելուներին հյուր էին գնացել զվարճալի, գույնզգույն հագուստով ու շպարով խաղավարը եւ «Աշտարակ-կաթ» ընկերության Յոգու-Մոգու հերոսը՝ հսկա հանդերձանքով:

Ճաշարանի այցելուները սովորաբար մեծերն են լինում: Բայց քանի որ Ձմեռ պապը որոշել էր Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում կանգ առնել ու մի քիչ հանգստանալ, հրավիրել էին նաեւ պստիկներին: Եվ իհարկե, Ձմեռ պապին դատարկ պարկով չէր գնացել. մոտ 60 երեխաների համար նա նվերներ էր պատրաստել՝ փաթեթների մեջ տեղավորելով «Իմ փոքրիկի» «Սովորենք ներկելով» ալբոմները, Անտարես հրատարակչատան տրամադրած գրիչները, «Աշտարակ-կաթ»-ի ըմպելի եւ ուտելի յոգուրտները, ջնարակապատ պանրիկները, ինչպես նաեւ կոնֆետ ու խաղալիք:

Մենք շատ կուզեինք, որ  Հայաստանում բարեգործական ճաշարաններ չլինեին: Բայց կան: Կան, որովհետեւ կան քաղցած մարդիկ: Եվ ի բարեբախտություն բոլորիս, կան նաեւ բարի մարդիկ, ովքեր չեն ուզում աշխարհում քաղցած մարդ տեսնել:

Եկեք միասին Ամանորի գիշերը երազանք պահենք, որ 2016-ին Հայաստանում չլինեն գոնե քաղցած փոքրիկներ, իսկ բարի մարդիկ շատանան ու իրականացնեն այդ փոքրիկների փոքր ու մեծ երազանքները:

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»

{gallery}bareg{/gallery}