«Վերջին տարիներին գրանցվել է շաքարային դիաբետի աճ մինչև 4 տարեկան երեխաների մոտ»

2014-ի տվյալով՝ Հայաստանում կա 435 երեխա, որոնք ստանում են ինսուլին և ունեն տիպ մեկ շաքարային դիաբետ. այս մասին տեղեկացնում է ՀՀ մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան: «Շաքարային դիաբետը երեխաների դեպքում այն հիվանդությունն է, որը չի կարող չախտորոշվել, քանի որ այն ունի բավականին արտահայտված նշաններ և գանգատներ:

Առաջին նշաններից մեկը երեխայի ծարավն է, նա սկսում է շատ ջուր խմել, շատ միզել, թույլ է լինում, նիհարում է»,-ասում է մասնագետը: Նրա խոսքով՝ հավադեպ, բայց շաքարային դիաբետը կարող է հենց նորածնային տարիքից լինել: «Հաճախ հիվանդանում են 5-14 տարեկան երեխաները, բայց վերջին տարիներին ամբողջ աշխարհում և Հայաստանում նույնպես գրանցվել է աճ մինչև 4 տարեկան երեխաների մոտ»:

Հարցին, թե ծնողներն ինչպես կարող են ինսուլին ձեռք բերել, Աղաջանովան ընդգծում է, որ ինսուլինը պետության կողմից անվճար տրամադրվող դեղամիջոց է: «Առանց ինսուլինի, տիպ մեկ շաքարային դիաբետի որեւէ բուժում հնարավոր չէ իրականացնել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ներկայում մեր երեխաներն ինսուլին ստանում են սրվակներով, ներարակման միջոցով: Բայց այժմ կան գրիչ-ներարկիչներ, որոնք ավելի հեշտ միջոց են ինսուլինի ներարկման համար: Այն թույլ է տալիս երեխաներին ավելի ճկուն օրվա ռեժիմ ունենալ»,-ասում է մանկական գլխավոր էնդոկրինոլոգը՝ նշելով, որ այդ գրիչներն այժմ կան Հայաստանում և վաճառվում են դեղատներում:

Անդրադառնալով ինսուլինն օրգանիզմ հասցնելու ավելի ժամանակակից միջոցներին՝ նա առանձնացնում է ինսուլինային պոմպերը, որոնք կրում է երեխան և կատետրի միջոցով օրվա մեջ ավտոմատ ստանում իրեն անհրաժեշտ ինսուլինի բաժինը: Մասնագետի խոսքով՝ շաքարային դիաբետ ունեցող երեխան պետք է սնվի այնպես, ինչպես առողջ երեխան, սահմանափակում պետք է լինի միայն քաղցրի դեպքում. «Անկանոն քաղցրի օգտագործումը կբերի նրան, որ երեխայի արյան մեջ շաքարները կտատանվեն: Եթե դժվարանում են սահմանափակել, պետք է քաղցրն օգտագործել ուտելուց հետո, որպեսզի ներարկված ինսուլինը «ծածկի» այն»:

Աղբյուրը՝ panorama.am