Փոխնակ կամ սուրոգատ մայրության ճանապարհով լույս աշխարհ եկող երեխաների թիվը գնալով աճում է, ինչը վկայում է այն մասին, որ դեռեւս դժվար ընկալվող փոխնակ մայրության եղանակին մարդիկ աստիճանաբար սկսում են վստահել: Սուրոգատ մայրությունն արդիական բժշկական թեմա է, չնայած նրան, որ արտասաղմնային բեղմնավորման զարգացումը շուրջ 30 տարվա պատմություն ունի: Փոխնակ մորը դիմելու հիմնական պատճառը ամուսիններից մեկի վերարտադրողական ֆունկցիայի խանգարումն է, որի հետեւանքով զույգը չի կարող ինքնուրույն երեխա ունենալ: Սակայն միայն ցանկությունը սուրոգատ մոր տարբերակին դիմելու եւ վերարտադրվելու համար բավական չէ, դրա համար հարկավոր են նաեւ համապատասխան ֆինանսներ, որը ոչ բոլորը իրենց կարող են թույլ տալ: Հայաստանում այս գործընթացը օրենքի ուժ ստացել է 2002-ին, կիրառելի դարձել` 2006-ից, բայց ավելի լայն տարածում է ստացել վերջին տարիներին: Չնայած նրան, որ վիճակագրական տվյալներ սովարաբար չեն հրապարակվում, այսօր Հայաստանում կան մի քանի բժշկական հաստատություններ, որոնք պաշտոնապես զբաղվում են նման տեսակի բեղմնավորմամբ: Թե ի՞նչպիսին է իրավիճակը այս խնդրի շուրջ մեր երկրում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, «Fertility Center» Մարդու պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը:
-Պարոն Համբարձումյան, այսօր շատ է խոսվում սուրոգատ մայրության մասին. բժշկական տեսանկյունից, ի՞նչ է փոխնակ մայրությունը:
-Ամենաճիշտը եւ դիպուկը, ըստ իս, Համաշխարհային առողջապահական կազմակերպության 2001 թվականին ընդունած ձեւակերպումն է.
-Փոխնակ մայրությունը վերարտադրողական բժշկության ամենամեծ նվաճումներից կարելի է համարել, ո՞րտեղից է առաջացել եւ տարածում ստացել բեղմնավորման այս տեսակը:
-Առաջին հերթին դա չբերության դեմ պայքարի մեթոդ է: Իրականում սուրոգատ մայրերի ծառայությամբ օգտվել են հնուց, անգամ բիբլիական ժամանակներից: Դեռ Հին կտակարանում պատմվում է 2 մարգարեների` Աբրահամի եւ Իսահակի մասին, ովքեր իրենց կանանց անպտղությունից ելնելով` ստիպված են եղել դիմել սեփական ծառաներին: Վերջիններս` որդիներ ծնեցին մարգարեների համար: Պատմիչ Պլութարքոսը իր աշխատություններում նույնպես նկարագրել է նմանատիպ դեպքեր. սուրոգատ մայրությունը հայտնի է նաեւ Հին Հռոմի պատմությանից:
Այնպես որ այս հարցը շատ հեռու է նոր լինելուց, պարզապես նոր է մեր մոտեցումը սուրոգատ մայրության հարցի վերաբերյալ, նոր են նաեւ միջոցները եւ հնարավորությունները:
-Ի տարբերություն նախկինում ընդունված եղանակի, ի՞նչով է առանձնանում սուրոգատ մայրությունը մեր օրերում:
-Հնագույն «դասական» տեսակը ենթադրել է տղամարդու եւ տվյալ կնոջ, որը պատրաստվում էր կրել երեխային եւ ստանձնել սուրոգատ մոր դերը` սեռական ակտ: Այդ կերպ կինը դառնում էր երեխայի մայրը եւ գենետիկորեն երեխան նրանն էր: Նա փոխանցում էր իր սեփական երեխային ուրիշ ընտանիքի` դաստիրակության համար: Ժամանակակից տարբերակում` տղամարդու սերմը ենթարկվում է հատուկ մշակման, որից հետո արհեստական բեղմնավորման արդյունքում ստացված էմբրիոնը` սաղմիկը, ներարգանդային իսեմինացիայի եղանակով տեղադրվում է սուրոգատ մոր արգանդում: Իրականում սուրոգատ մայրը նա է, ով ինչպես արդեն նկատեցինք, միայն իր արգանդում կրում է արհեստական ճանապարհով ձեւավորված ուրիշի երեխային: Արհեստականորեն ստացված սաղմիկը, աճեցվում է հատուկ լաբորատոր պայմաններում, իսկ սուրոգատ մարը իր արգանդում երեխային կրում է մինչեւ հղիության ավարտը, որպեսզի ծննդաբերելուց հետո փոխանցի գենետիկ ծնողներին:
-Տարածվ՞ած է վերարտադրության այս տեսակը Հայաստանում:
-Պայմանավորված վերարտոդրողական բժշկության զարգացմամբ` մասնավորապես էքստրակորպորալ` արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիաների եւ, իհարկե, Հայաստանում 2002 թվականին օրենքի ու սուրոգատ մայրությունը կանոնակարգող նորմատիվ միջոցների ընդունման հետ` Հայաստանում նույնպես փոխնակ մայրությունը բավականաչափ տարածում է ստացել:
-Երկարատեւ տարիներ աշխատելով վերարտոդրողականության ոլորտում Եվրոպայում եւԱՄՆ-ում , ի՞նչպիսին է ըստ Ձեզ սուրոգատ մայրության վերաբերյալ մարդկանց վերաբերմունքը ժամանակակից աշխարհում:
-Սուրոգատ մայրությունը տարածված երեւույթ է, չնայած օրենքները ամենատարբեր դրսեւորումներն ունեն տարբեր երկրներում, սկսած միանգամայն լոյալությունից, ավարտված խստագույն արգելքներով: Օրինակ, Ֆրանսիայում առաջին արհեստական երեխայի հայր Ռենե Ֆրիդմանը իր վերջերս հրատարակված «Conviction» գրքում գրում է, որ սուրոգատ մայրությունը մարմնավաճառության ձեւ է: Բայց, եթե Ֆրանսիայում սուրոգատ մայրությունը արգելված է, ապա ԱՄՆ-ում այն մեծ տարածում ունի, շատ հանրահայտ մարդիկ, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Էլտոն Ջոնը, Մայքլ Ջեքսոնը, Քրիստիանու Ռոնալդուն դիմել են այդ քայլին:
-Այսպիսով, կարելի է վստահ ասել, որ ոչ մի գենետիկ հատկություն չի փոխանցվում սուրագատ մորից երեխային:
-Այո, ոչ մի գենետիկ, արյունակցական կապ չկա սուրոգատ մոր եւ երեխայի միջեւ:
-Որքան էլ առաջին հայացքից «հեշտ» գործընթաց է թվում, սակայն կա մայրական բնազդիհասկացությունը, անցնում է արդյո՞ք կինը որոշակի հոգեբանական նախապատրաստություննախքան սուրոգատ մայր դառնալը:
-Դա պարտադիր պայման է, եւ ոչ միայն հոգեբանական հետազոտություն է անցնում, այլեւ հոգեբանական սատարում է ստանում մասնագետների կողմից: Կինը նաեւ պարտավոր է անցնել մի շարք այլ հետազոտություններ, որպեսզի բացառվի որեւէ ինֆեկցիոն կամ այլ տեսակի հիվանդության փոխանցումը երեխային:
-Սուրոգատ մայրությունը հնարավորություն է ամուսնական զույգերի համարվերարտադրողականություն ապահովելու, ինչպե՞ս կարելի Է հասարակության մեջ վերացնել այնթյուր կարծիքը, թե սուրոգատ մայրը թողնում է կամ հրաժարվում է «իր» երեխայից:
-Նման դիրքորոշումների հիմքում հաճախ տեղեկատվության պակասն է փոխնակ մայրության մասին: Եթե երեխան գենետիկորեն չի պատկանում տվյալ կնոջը, հետեւաբար կինը չի հրաժարվում «իր» երեխայից, այլ լոկ փոխանցում է իր արգանդում կրած երեխային` օրենքով սահմանված կենսաբանական ծնողներին: Դրա համար հասարակությունը պետք է շնորհակալ լինի սուրոգատ մայրերին, այնպես, ինչպես ողջ կյանքում նրան շնորհակալ են այն ամուսնական զույգերը, ովքեր ծնող դառնալու երջանկության են արժանացել:
Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի