«Վաղ մանկության զարգացում» ծրագիրը` Սպիտակում, Վանաձորում եւ Դիլիջանում

«Վաղ մանկության զարգացում» նախագծի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարության եւ «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջեւ այսօր կնքվեց համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Ինչպես նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ծրագրի նպատակն է նախադպրոցական տարիքի երեխաների կրթական եւ խնամքի ծառայությունների որակի բարելավումն ու 6 տարեկան երեխաների նախապատրաստումը տարրական դպրոցին:

 

«Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Իրինա Սաղոյանի հավաստմամբ`

ծրագիրն իրականացվելու է ՀՀ մարզերի 3 թիրախային քաղաքներում` Սպիտակում, Վանաձորում եւ Դիլիջանում: Նրա խոսքով` ընտրվել են այն մանկարապարտեզները, որտեղ հնարավոր է կապիտալ վերանորոգում իրականացնել եղած միջոցների սահմաններում, սակայն հաշվի է առնվել նաեւ շենքերի սեյսմակայունությունը: Ըստ Ի. Սաղոյանի` իրենք ցանկացել են օգնել այն համայնքներին, որտեղ չկան գործող նախակրթարաններ: