Չի կարելի երեխային անվանակոչել մահացածի անունով

«Ես սիրում եմ իմ անունը, բայց ինձ դժվար է եղել ինքնահաստատվել որպես առանձին մարդ: Ծնողներս տարիներ շարունակ իմ մեջ փնտրել են են այն  մարդուն, ում անունով անվանակոչել են: Անընդհատ ինձ համեմատել են նրա հետ`ինչու նա կարողանում էր այսպես անել, իսկ ես` ոչ»,-պատմում է Աննան`ավելացնելով, որ  անունն իրեն դարձրեց  անվստահ, անհամարձակ:

Անվանակոչությունը կարևոր դեր է խաղում երեխայի կյանքում. ըստ հոգեբան Սոնա Մանուսյանի` անունն անձի ինքնագնահատականի, ինքնաընկալման հետ սերտ կապ ունի, այն ինչ-որ իմաստով դառնում է մարդու  անբաժանելի մասը, չէ որ դա հենց այն բառն է, որով ամենից հաճախ դիմում են քեզ:

«Կան հեղինակներ,որոնք պնդում են, որ անունը, ունենալով բարդ հնչյունային կազմ, անդրադառնում է մարդու ներաշխարհի, նաև ճակատագրի վրա»,-ասում է Մանուսյանը: Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Շահե աբեղա Անանյանն  ասում է, որ եկեղեցում «կանխորոշված» հասկացություն չկա, կա Աստծո նախախնամություն, որը հայտնի է միայն Աստծուն:

Մեզանում ընդունված է երեխային անվանել պապիկի կամ տատիկի անունով: «Այս առումով կարևոր է, որ մայրը երեխայի անունը կնքելուց առաջ մտածի ոչ թե սկեսրոջը կամ սկեսրայրին հաճոյանալու մասին, այլ մտածի, որ երեխան կրելու է այդ անունը ամբողջ կյանքի ընթացքում. արդյոք հարմար անուն է 21-րդ դարի համար»,-ասում է հոգեբանը` խորհուրդ տալով նաև չընկնել  մոդեռն անունների ետևից` կարծելով, որ դրանք միանշանակ դրականորեն են ազդելու երեխայի վրա: «Անունը պետք է մաքսիմում չեզոք ու բարեհունչ լինի. աղջկա համար`կանացի, տղայի դեպքում` առնականությունն ընդգծող»:

Շահե աբեղա Անանյանի խոսքով` եկեղեցին հոգևորականներին ձեռնադրելիս տալիս է նրանց սրբի անուններ`աղոթելով, որ այդ սրբի բարի հատկանիշներն անցնեն տվյալ մարդուն: Նույնը կարելի է ասել մանուկների մասին, երբ նրանց ծնողներն անվանակոչում են այն մարդու անունով, ում կուզեին ընդօրինակեր իրենց զավակը:

ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնը ներկայացնող Սոնա Մանուսյանն ասում է, որ կարծիք կա, թե չի կարելի երեխային կնքել մահացած մարդու անունով: «Երբ երեխային կնքում են մահացածի անունով, նրա վրա դնում են պատասխանատվություն`հնարավորինս մոտ լինելու այն մարդուն, ում կորցրել են»,-ասում է Մանուսյանը`ավելացնելով, որ ակնկալիքներն այդ մարդուց, շփման ձևը նրա հետ կարող է սթրեսային լինել:

«Այս իմաստով նրան դնում ենք որոշակի կաղապարների մեջ և առանց գիտակցելու ստիպում ենք նրան լինել այնպիսին, ինչպիսին ինքը չէ»,-բացատրում է Մանուսյանը:

Հոգեբանի խոսքով` հանգուցյալի անունը դնելով` մենք նորածնին փոխանցում ենք տվյալ մարդու ճակատագիրը, ինչը նաև էներգետիկ դաշտի փոխանցում կարող է լինել: Այս տեսակետին հարող մարդիկ գտնում են, որ դա վտանգավոր է:

 

Ռուբինա Հակոբյան