«Ծերացման» ճգնաժամ. ծնելիության ցածր ցուցանիշը սպառնում է Հայաստանի սոցիալական անվտանգությանը

Աշխարհի ամենահին երկրներից մեկը համարվող Հայաստանը «ծերանում» է ոչ լավ իմաստով:

Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի շեմին է. միայն այս տարվա առաջին կիսամյակում արդեն 1126 երեխա պակաս է ծնվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, մինչդեռ ժողովրդագիրներն ահազանգում են, որ սա միայն ժողովրդագրության անկման սկիզբն է և կշարունակվի մի քանի տասնամյակ: 

Չնայած 2006 թ.-ից արձանագրվում էր ծնունդների աճի միտում, սակայն այսուհետ փորձագետները կանխատեսում են կրկին անկում, քանի որ արդեն ծնող են դառնում 90-ականներին ծնվածները, իսկ նրանց թիվը բավական քիչ է` միջինը 35.000` հասնելով անգամ մինչև 22.000-ի: (1980-ականների համեմատությամբ ցուցանիշը 2,5 անգամ ցածր է, որովհետև 80-ականներին ընթացքում Հայաստանում տարեկան ծնվել է շուրջ 80.000-82.000 երեխա:)

«Սա լուրջ սպառնալիք է ազգային անվտանգությանը, պետության տնտեսական զարգացմանը: Տարիներ անց մենք ոչ միայն չենք կարող ապահովել բանակի համար զինվորներ, այլ նաև տնտեսական աճ, երկիրն ու տնտեսությունը չեն կարող մրցունակ լինել և այլն: Ծնելիության անկմանը զուգահեռ միգրացիան և բավական արագ ծերացումը առավել խորացնում են ժողովրդագրական խնդիրները»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Այսօր Հայաստանում ծնելիության գործակիցը 1,5 է, այսինքն` յուրաքանչյուր կին ունենում է ընդամենը 1-2 երեխա, մինչդեռ բնակչության բնական վերարտադրողականության համար այդ գործակիցը պետք է լինի առնվազն 2,1, այսինքն` 3-4 երեխա յուրաքանչյուր ընտանիքում: 

Հայկական սոցիալ-ժողովրդագրական նախաձեռնության նախագահ Ռուբեն Եգանյանը շեշտում է, որ փոխվել է «բնակչության վերարտադրողական վարքագիծը», և ընդունված 2-3 երեխայի մոդելից հայաստանցիներն անցում են կատարել 1-2 երեխայով ընտանիքի մոդելի:
«Սա սարսափելի փոփոխություն է, որը հետագայում դժվար կլինի վերականգնել, այսօր պետությունը ոչ միայն պետք է խրախուսի երեք և ավելի երեխաների ծնունդը, այլ անգամ երկրորդինը»,- ահազանգում է Եգանյանը:

Բնակչության վերարտադրողական վարքագծի այս փոփոխության հիմնական պատճառները պարզելու համար ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը 2009-ին հետազոտություն էր անցկացրել, որի արդյունքներն առավել քան մտահոգիչ են:

«Որքան էլ տարօրինակ էր, առաջին տեղում ոչ թե սոցիալական կամ բնակարանային խնդիրն էր, այլ շատ ավելի մտահոգիչ ու դժվարլուծելի. 44 տոկոսն իրենց ապագան այս երկրում չի տեսնում ու հավատ չունի երկրի ապագայի նկատմամբ,- ասում է Հայրապետյանը` հավելելով, թե սա ցույց է տալիս, որ մենք գործ ունենք շատ ավելի խոշոր խնդրի հետ և, միայն միանվագ օգնություն տալով, ծննդօգնությունն անվճար դարձնելով` հարցը չի լուծվի: Եթե սոցիալականն ինչ-որ տեղ հեշտ լուծվող է, ապա այս բարոյահոգեբանական հարցի լուծումը պահանջում է առավել հիմնարար փոփոխություններ»:

Նրա կարծիքով` հայաստանյան ժողովրդագրական քաղաքականությունը հիմնականում լուծում է օրվա խնդիր, մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ծնելիության բարձրացման համար անհրաժեշտ են համապարփակ ծրագրեր, որոնց մշակման համար ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը Հայաստանում անցկացնելու է փորձագիտական համաժողով:

«Հոկտեմբերի 19-21-ը Երևանում կկայանա փորձագիտական համաժողով աշխարհում հայտնի ու տարբեր ժողովրդագրական ծրագրեր մշակած ժողովրդագիր գիտնականների մասնակցությամբ, որոնց խորհուրդները հույժ անհրաժեշտ են` հասկանալու, թե որո´նք են մեզ նման երկրներում խնդրի լուծման ամենաճիշտ ու արդյունավետ ուղիները: Մենք այլևս կորցնելու ժամանակ չունենք»,- ասում է Հայրապետյանը:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ամենաբարձր ամբիոններից մտահոգություններ հնչեցին արտագաղթի վերաբերյալ, 2009 թ. ՀՀ կառավարությունն ընդունեց Ժողովրդավարական քաղաքականության ռազմավարության հայեցակարգը, սակայն առայժմ դրանում նախատեսված ծրագրերը մնացել են թղթի վրա, գործում է հիմնականում մեկը` «Անվճար ծննդօգնության սերտիֆիկատը», որով ծննդկաններին համար ապահովվում է անվճար ծննդաբերություն:

«Իհարկե, անելիքներ դեռ շատ կան, բայց ծննդօգնության սերտիֆիկատի ներդրումը լուրջ խթանեց ծնելիության աճը: Ներկայումս պետությունն իր հովանու տակ է վերցրել մայրության և մանկության առողջության պահպանման խնդիրը, վերջին չորս տարիներին ծննդօգնության գծով պետական բյուջեից հատկացումներն աճել են մոտ 3 անգամ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Փորձագետները, սակայն, ծնունդների աճի միտումը չեն համարում իրականացված ծրագրերի արդյունք` դրանք «կարճաժամկետ լուծումներ» համարելով:

2009-ին Հայաստանում ծնվել էր 44.466 երեխա, որը 8 տոկոսով ավելի է 2008-ի ցուցանիշից, 2010-ին այդ թիվը 2009-ի համեմատ շուրջ 3000 երեխայով ավելին էր, մինչդեռ այս տարի այն կտրուկ նվազեց (մոտ 1000 երեխայով), թեև դեռ շարունակվում է անվճար ծննդօգնությունը:

«Այդ տարիներին ծնելիությունը մեծ հաշվով չաճեց, քանի որ մեկ կինը շարունակում է ունենալ 1,5 երեխա, աճեց ծնունդների բացարձակ թիվը, որը պայմանավորված էր շատ պարզ հանգամանքով` վերարտադրողական տարիքի հասավ 80-ականների երկրորդ կեսի սերունդը, իսկ հայտնի է, որ դա Հայաստանում ժողովրդագրական բումի շրջան էր, երբ ծնվում էր 81.000-82.000 երեխա, այսինքն` ուղղակի ավելացավ ծնողների թիվը, որոնք կունենան մեկ, լավագույն դեպքում` երկու երեխա և վերջ, աճը նորից կկանգնի»,- ասում է Հայրապետյանը:

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների` 2050 թ. այս տեմպերով շարժվելու դեպքում Հայաստանի բնակչությունը կնվազի մոտ 20 տոկոսով` կազմելով 2,3-2,5 մլն: Նույն այդ տվյալների համաձայն` Ադրբեջանի և Թուրքիայի բնակչությունն աճելու է մոտ 35 տոկոսով:

 

 

ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Www.armenianow.com