2 եռյակ՝ 14 և 12 տարիների անպտղությունից հետո. Գասպարյան ու Սիմոնյան ընտանիքների երջանկությունը

Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ «Մոր և մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում երկու եռյակներ են ծնվել: Երևանաբնակ Գասպարյանները 14 տարի, իսկ Արցախի հանրապետության Ազոխ գյուղում բնակվող Սիմոնյանների երիտասարդ ընտանիքը 12 տարի սպասելուց հետո եռյակ են ունեցել:

 

Երկար տարիների անպտղությունից հետո Նարինե և Սուքիաս Գասպարյաններն ունեցել են երկու որդի, մեկ դուստր/ Անահիտ, Գագիկ, Վաղարշակ/, իսկ Սիմոնյան զույգը լույս աշխարհ է բերել երկու աղջիկ և մեկ տղա /Աննա, Յանա, Մհեր/:

Քանի որ փոքրիկները ծնվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի շրջանակում, Ռիտա Սարգսյանը նրանց է փոխանցել խորհրդանշական ոսկյա անմոռուկներ` նշելով, որ հանրապետության «ամենաբարի արագիլի» շնորհիվ արդեն իսկ լույս աշխարհ են եկել 139 երեխաներ` 65 աղջիկ, 74 տղա:

Ռիտա Սարգսյանն այցելել է նաև բժիշկների ուշադրության ներքո գտնվող Արևիկ Գևորգյանին, որն անպտղության դեմ 14 տարվա ջանքերից հետո կրկին «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ սպասում է երկվորյակի ծննդյանը: