Մի մարդ մի որդի ուներ:Արդեն մեծ տղա էր դարձել,բայց ոչ մի անգամ հորը հայրիկ չէր ասել:
-Կուզմա,-գոռում էր հորը,-գնա վարելու:Կուզմա,խոզերին փարախը քշիր:
Հոր համար շատ վիրավորական էր,բայց ինչ կարող էր անել.փոքրուց չէր սովորեցրել, իսկ հիմա էլ ինչ...
Մարդիկ բարկանում էին Կուզմայի որդու վրա:
-Հիմար,-ասում էին,-ոնց կարելի է հորը չհարգել:
Բայց նրա վեջը չէր` ոչ հորն էր լսում,ոչ մյուսներին:
Մի անգամ Կուզման որդու հետ գնաց խոտի:Սայլերը բարձել տուն էին գալիս, հայրը մի սայլին էր նստել,որդին մյուս: Ընկան անտառի խորդուբորդ ճանապարհը:
Հայրը սայլից իջավ,սկսեց քայլել կողքից, որ հետևի` հանկարծ սայլը շուռ չգա, իսկ որդին իր սայլին պառկած միայն հրամայում էր.
-Կուզմա, հրեն փոսը, բեռը բռնիր:Կուզմա,իմ ձին ճամփի եզրից դեսը քշիր,թե չէ անիվը կոճղին կառնի...
Հայրը քափ ու քրտինք մտած մի սայլից մյուսն էր վազում,իսկ տղան ծաղրում էր.
-Ապրես,կուզմա,լավ ես աշխատում:
Հայրը բարկացավ և այլևս տղայի սայլին չէր հետևում:
Շուտով որդու սայլը փոսի մեջ ընկավ, շուռ եկավ...
Որդին քիթ ու բերանի վրա շրմփաց ցեխի մեջ:
Վեր կացավ,սկսեց հորը կշտամբել.
-Կուզմա,տեսնում ես ինչ արիր:
Սայլը ուղղեցին շարունակեցին ճամփան:
Որդին սայլի վրա չբարձրացավ,քայլում էր կողքից` անվերջ հոր վրա մռթմռթալով:
Հասան կտրուկ շրջադարձի:Հայրը ուսը բեռանը դեմ արեց, շրջադարձն անցավ,իսկ որդին չուզեց ուժերը վատնել.սայլը շուռ եկավ տիրոջ վրա:
-Կուզմա,-գոռաց որդին դեզի տակից,-սայլը բարձրացրու:
Հայրը լռում էր,ոնց որ բերանը ջուր առած լիներ:Գրպանից հանեց քիսան,ծխամորճը լցրեց,սկսեց ծխել:«Դե որ էդքան խելոք ես, էդտեղ պառկած մնա»,-մտքում ասաց հայրը:
Որդին Կուզմային կանչում էր,կանչում,բայց սա ասես խուլ լիներ:Որդին արդեն հազիվ էր շնչում, վախեցավ, անբնական ձայնով ճչաց.
-Հայրիկ, փրկիր:
Կուզման ուրախացավ,որ վերջապես որդին իրեն հայրիկ կանչեց,սայլը բարձրացրեց, քմծիծաղելով ասաց.
-Էդպես,ախպերս,նեղը կընկնես, Կուզմային հայրիկ կկանչես :
Այդ օրվանից էլ պատմվում է այս խրատապատումը:
Բելառուսական ժողովրդական հեքիաթ