Sidebar

Ապրե՜ս, Բոբի. հեքիաթ մայրիկի խոսքը լսող արջուկների մասին

Բոբին և Բաբան սովորում էին ծառ բարձրանալ: Բոբին արդեն կարողանում էր տասնյակ մետրերով բարձր-բարձր  ծառեր մագլցել:

-Մեկ, երկու, այ այդպես, ապրես Բոբի, ապրես Բաբա,- խրախուսում էր մայր արջը: 

Բոբին ու Բաբան ստիպված էին մագլցելով բարձրանալ աշխարհի ամենաբարձր ծառը: -Տեսնես ինչու՞ է մայրիկը մեզ ստիպում այսքան չարչարվել,- սրտնեղվում էր Բոբին  ու  Բաբայից դանդաղ  էր  մագլցում ծառը: 

-Վա՜յ, էս ուր ենք հասել, հիմա ո՞նց պիտի գետնին իջնենք,- ծառի վերևից ներքև նայելով՝ վախեցավ Բոբին:

Բոբին ու Բաբան զգուշորեն իջան բարձր-բարձր, աշխարհի ամենաբարձր ծառից: Նրանք այնքան նման էին մայր արջին: Նրանց մորթն էլ գորշ գույն ուներ, ինչպես մայր արջի մորթը: Նրանք կարողանում էին գլորվել` չվնասվելով, կարողանում էին ծառ բարձրանալ, կարողանում էին մայրիկի հետ հատապտուղներ հավաքել: Ջա՜ն, ինչ լավ էր, մայր արջը կիսել էր գետնին տապալված փտած մի ծառաբուն, հիմա Բոբին ու Բաբան էլ կմասնակցեն խուճապահար  մրջյունների համտեսին: Ինչ կա որ, նրանց համար սովորական բան է մրջյուններ, բզեզներ, թրթուրներ, նույնիսկ գորտեր ու ձկներ ուտելը: Բոբին շատ հետաքրքրասերն էր,  ինքն էլ էր  պոկոտում ծառաբնի կեղևը: 

-Այո՛, ստացվում է մրջյունների որսը: Բոբին այնքան էր տարվել մրջյուններով, որ չնկատեց էլ, որ մայր արջն ու Բաբան կողքից հեռացել են: Անսովոր խշխշոց լսելով՝ Բոբին շրջվեց: Նրան էր մոտենում խոշոր մի գազան, որն իսկի նման չէր  իր մորը: Նա ավելի խոշոր մարմին ուներ, նրա  մորթը ավելի բաց  գույնի էր: Աչքերի գույնը տեսնել Բոբին չէր էլ ուզում: Նա զգաց  միանգամից, որ այդ կենդանին գազան է և մոտենում է, որ պատառոտի  իրեն: Քիչ էլ` հիմա կհասնի Բոբիին ու կհոշոտի նրան: Բոբիի մտքովն էլ չանցավ վազել-գտնել մորը: Նա այնպիսի արագությամբ բարձրացավ աշխարհի ամենաբարձր ծառը, որ գազանը չհասցրեց բռնել նրան: 

-Մըըռ, մըըռ,- սուր ձայնով  կանչում էր Բոբին: Չէ, մայրը նրան չէր լսում, թե չէ կհասներ օգնության: Բոբին ծառի վրա մնաց այնքան ժամանակ, մինչև այդ վայրենին հեռացավ: Նա իջավ ծառից ու վազեց մոր ու քրոջ մոտ, որ մոտերքում  հատապտուղներ էին ճաշակում: Որքան շատ էր նա սիրում մորը, որքան քաղցր էր նա Բոբիի համար: Երբեք այդպես համով չէր կերել մայրական կաթը: Բոբին կատարվածի մասին ոչինչ չասաց  մայր արջին ու Բաբային:

Միասին այնքան երջանիկ էին….     

 

 

Հասմիկ Աջամյան