Կար հեքիաթային մի լճակ: Կապույտ երկնքին էր նման լճակի հայելին:
Ափերի ավազը մանր-մանր էր,ասես ծովափի ավազ լիներ: Լճակի կողքին փռվել էր հրաշք մի անտառ`բարձր,բարձր ծառերով:Որքան էլ արևը քիթը խոթեր անտառի խորքը,մեկ է` չէր կարողանում ամեն ինչ տեսնել`անտառը խիտ էր ու գաղտնի տեղեր շատ ուներ:
Կային լճակը,անտառը,արևը:Կար տնակ անտառից քիչ հեռու,լճակից քիչ հեռու,որտեղ կարող էին ապրել մեծերն ու փոքրերը:Հենց այդ տնակում էին ապրում չորս ընկերները`Փթփթիկը և երեք թզուկները:Փթփթիկը թզուկներից շատ մեծ էր,իսկ թզուկները փոքրիկ երեխաների էին նման:Բայց որքան խելացի էին թզուկները,շատ խելացի էին-ճիշտ և ճիշտ խելացի երեխաների նման:Եվ քանի որ բոլորը իրար լավ էին հասկանում,այդ պատճառով էլ ապրում էին հաշտ ու համերաշխ:Միասին գնում էին անտառ,հատապտուղներ հավաքում,սնկեր հավաքում,մրգեր հավաքում,լճակից ձուկ բռնում:Ամեն ինչ այնքան հետաքրքիր ու հաճելի էր ստացվում:
Մի անգամ թզուկներից մեկը տանձը զամբյուղի մեջ գցելու փոխարեն գցեց Փթփթիկի գլխին:Դա Կապույտիկ թզուկն էր:Կապույտիկը շփոթվեց պատահածից,իսկ Փթփթիկը չնեղացավ,որովհետև գիտեր,որ Կապույտիկը դիտմամբ չարեց:Կապույտիկի շփոթմունքի վրա Փթփթիկը Կարմրիկի ու Կանանչիկի հետ միասին սկսեցին ծիծաղել:
Թզուկների հագուստները իրենց անունների նման էին.Կանաչիկն ուներ կանաչ գլխարկ,կանաչ կոշիկներ,մեջքին կապած կանաչ գոտի:Կարմրիկն ուներ կարմիր գլխարկ,կարմիր կոշիկներ,մեջքին կապած կարմիր գոտի:Կապույտիկն ուներ կապույտ գլխարկ,կապույտ կոշիկներ,մեջքին էլ պինդ կապած կապույտ գոտի:Անտառից հավաքած բերք ու բարիքով ծանրաբեռնված թզուկներն ու Փթփթիկը ուրախ-ուրախ ճամփա էին ընկնում դեպի տուն:Կարմրիկը նստում էր Փթփթիկի գլխին`Փթփթիկի ցանցավոր գլխարկի վրա,Կապույտիկը նստում էր Փթփթիկի մեջքի լիքը զամբյուղի վրա,իսկ Կանաչիկը նստում էր նրա ուսին:Ողջ ճանապարհին նրանք ուրախ երգում էին.
-Ընկերներ ենք մենք ուրախ,
Ապրում ենք հաշտ ու խաղաղ,
Միասին մի հարկի տակ
Ազնիվ,բարի ու շիտակ:
Թզուկներ թե Փթփթիկ,
Եղբայր ենք մենք մեկ մեկու,
Մեծ ենք ծնվել,թե փոքրիկ,
Չորս,երեք, թե մեկ- երկու:
Այսպես ուրախ երգելով նրանք չորսն էլ միաժամանակ տուն էին հասնում:Փթփթիկին հավասար հանգստանում էին թզուկներն ու հետո բոլորով գործի անցնում.եփում,թափում,ուտում,խմում:
Մի անգամ,այնպես պատահեց,որ թզուկները տանը մնացին`տանը գործ շատ կար անելու:Փթփթիկը մենակ գնաց անտառ օջախի համար վառելափայտ բերելու:
Նա նոր էր սկսել հավաքել ծառերի չորացած ճյուղերը,մեկ էլ դիմացը կանգնեց մի գորշ արջ:
-Ես քեզ պիտի ուտեմ,-ասաց արջը Փթփթիկին:Դրա համար դու ինձ հետ իմ տուն պիտի գաս,-զխկրտաց արջը:
Ինչ կարող էր անել Փթփթիկը:Նա շատ էր հեռու ընկերներից,թե օգնություն կանչեր:Մեկ է,նրանք չէին լսի:
-Լավ,կգամ,-ասաց Փթփթիկը արջին և նրա հետ առաջացավ անտառի խորքը:Բայց Փթփթիկը գիտեր,որ ընկերները կփնտրեն իրեն,երբ տեսնեն ուշանում է:Նա փորձեց խորամանկել արջին:
-Իմ կոշիկի մեկը քեզ պետք չէ,չէ,-հարցրեց Փթփթիկը արջին,-ես այն դեն եմ նետում:
-Ինձ պետք չէ,կարող ես շպրտել,-մռթմռթալով պատասխանեց արջը:
-Մյուսն էլ կարող եմ դեն նետել,-ավելի համարձակ հարցրեց Փթփթիկը:
-Կարող ես,-նրա վրա չնայելով մռլտաց արջը:
-Գուլպաներս էլ կարող եմ դեն նետել:
-Կարող ես:
-Շապիկս էլ:
-Շապիկդ էլ:
Մինչև հասան արջի բնակատեղին,Փթփթիկը կիսամերկ էր մնացել:
-Ես քեզ պիտի սպանեմ հետո ուտեմ:Ինչ կցանկանաս մեռնելուց առաջ,-դիմեց արջը Փթփթիկին:
Փթփթիկը նրան մեկնեց իր ցանցավոր գլխարկը,որ մոռացել էր մյուս հագուստների հետ թողնել ճանապարհին և դրանով մեկ ջուր ուզեց արջից:
-Լավ,-գլխարկը վերցնելով ասաց արջը,-բայց ջուր որտեղից տամ ես քեզ:
-Անտառի լճակից բեր,-ասաց Փթփթիկը:
-Այդ դեպքում մտիր այս պարկը,որ չփախչես,-չգիտես որտեղից մի պարկ բերեց արջը:
Փթփթիկը ստիպված համաձայնեց մտնելով պարկի մեջ:Արջը պինդ կապեց պարկի բերանը և Փթփթիկի համար գնաց ցանցավոր գլխարկով ջուր բերելու:Է,գլխարկով ջուր բերել կլիներ,այն էլ`ցանցավոր:Արջը ջուրը վերցնում էր,որ տանի,իսկ ջուրը չէր մնում`թափվում էր գլխարկի կողմերից:Այսպես ժամեր շարունակ:
Թզուկներ Կարմրիկը,Կապույտիկն ու Կանաչիկը տեսնելով Փթփթիկը ուշանում է`անհանգստացան:
-Մի բան պատահած չլինի,-ասաց Կարմրիկը:
-Պետք է գնալ նրա ետևից,-ասաց Կապույտիկը:
-Այո,այո,պետք է շուտ գնանք մեր ընկերոջ ետևից,-համաձայնեց Կանաչիկը:
Թզուկները մի մարդու նման դուրս եկան տանից:
-Վայ,-ձայնեց Կանաչիկը,գտնելով Փթփթիկի ձախ կոշիկը,-սա մեր Փթփթիկի կոշիկն է:
Մի քիչ էլ խորացան անտառում,գտան Փթփթիկի աջ կոշիկը:Հետո էլի առաջացան-գտան աջ գուլպան,հետո ձախ գուլպան:Անհանգստությունը պատեց թզուկներին ավելի ու ավելի:Արդեն կասկած չունեին,որ Փթփթիկին դժբախտություն է պատահել:Նրանք հասել էին արդեն արջի բնակատեղը:Հանկարծ լսեցին իրենց Փթփթիկի ձայնը.
-Կարմրիկը,Կապույտիկը,Կանաչիկը տեսնես որտեղ են,հասեն օգնության,-ինքն իրեն խոսում էր Փթփթիկը:
-Մենք այստեղ ենք,-համարյա միաբերան ասացին երեք թզուկները:Նրանք արագ-արագ քանդեցին պարկի բերանը բանտող պարանը:Փթփթիկը դուրս եկավ պարկից:Թզուկների ձեռքից վերցնելով հագավ թե կոշիկները, թե գուլպաները:Վարտիքը,վերնաշապիկը`բոլոր հագուսները հավաքել-բերել էին թզուկները:Հիմա նրանց պետք էր փախչել:Ընկերներով որոշեցին լճափի ավազով լցնել պարկը,բայց արջի աչքից հեռու ափից:Հետո ամուր կապեցին ավազով լի պարկի բերանը և ուրախ-ուրախ ճամփա ընկան դեպի տուն:
Արջը մինչև մութն ընկնելը փորձում էր ցանցավոր գլխարկով ջուրը տեղ հասցնել:Նա այնքան էր հետ ու առաջ արել,որ հոգնել էր:Հոգնած ու կատաղած Փթփթիկի վրա,նա այլևս որոշեց տուն գնալ և Փթփթիկին սպանել առանց ջուր տալու:Պարկի վրա արջը այնպես հարձակվեց,որ բերանն ու աչքերը ավազով լցվեցին`քիչ էր մնում խեղդվեր:Նա արջավարի ձայնը գլուխը գցեց,ոչինչ չհասկանալով կատարվածից:Արջը և հոգնած էր,և սոված էր,դեռ աչքերի մղկտոցն էլ մի կողմից:Նրա մռնչոցից անտառը ցնցվեց,բայց Փթփթիկին ու թզուկներին ինչ:
Արջն այդ օրվանից Փթփթիկի անունը լսել անգամ չէր ուզում:Փթփթիկի անունը լսելիս փախչում էր անտառի շատ ու շատ խորքերը:Իսկ ընկերները`թզուկներ Կարմրիկը,Կապույտիկն ու Կանաչիկը մինչև հիմա էլ ապրում են անտառի տնակում մեծ ու փոքր եղբայրների նման:
Հեղինակ` Հասմիկ Աջամյան