Արջը,աղվեսն ու դաշտամուկը ընկերացան:
-Ընկերությունն ինչ է, որ չկարողանանք անել,-մտածեց արջը`արջավարի ձեռնաբաց:Ես իմ ունեցածը կկիսեմ ընկերներիս հետ:
-Դե,ընկերություն է,կանենք`կքնենք,կարթնանանք,կուտենք,կխմենք:Ընկերություն է էլի,էլ ոնց պիտի լինի`կլինի,-մտածեց աղվեսը:
-Հա,լավ է,Էս աշխարհից քիչ կվախենամ`ընկերներ կունենամ:Արևի տակ ման գալն էլ ինձ համար մարդավարի կլինի,-մտածեց դաշտամուկը:
Մտածեցին,որոշեցին ու ընկերացան:
-Մի պարկ ցորեն եմ ամբարել: Գարնանը ցանելու համար այն շատ-շատ է,-դիմեց նրանց արջը:Եկեք ամեն մեկիդ բաժին տամ,ինչ ուզում եք արեք ձեր բաժին ցորենը:Մնացածը թող մնա գարնանացանին:
-Եղավ,-ուրախացավ աղվեսն ու վերցրեց արջի տված մի բուռ ցորենը:
-Կտանեմ,հավերին կգայթակղեմ:Ցորենը նրանց ոտի տակ կփռեմ ու ես այդ հավերին հատ-հատ կհավաքեմ,-որոշեց նա:
-Շատ լավ,-ուրախացավ դաշտամուկը,-վերցրեց իր բաժին ցորենն ու տարավ աչքից հեռու վայելելու:
Ձմեռն անցավ,եկավ գարուն:Վար ու ցանքի ժամանակն էր:Արջը,որ երկար քնով էր անցել`արթնացավ:
-Ուր եք,իմ ընկերներ,-ձայնեց արջը:Աղվես,դաշտամուկ,շուտ այստեղ եկեք,գնանք ցորենը ցանելու:
Ձայնեց ու մտավ մառան ցորենը բերելու:Բայց այնտեղ նույնիսկ մի կորեկ չգտավ:Ցորենի պարկը դատարկ ու կրծոտված ընկած էր:
-Ընկերներ,-մռնչաց արջը գոռալու նման,-շուտ մառան եկեք,-ցորենը գողացել են:
Բայց արջի մռնչոցը անարձագանք մնաց:Ոչ աղվեսը,ոչ էլ դաշտամուկը` մառան չգնացին:
Երբ արջը կատաղած գնաց ընկերների մոտ,տեսավ որ նրանք թեժ կռվի մեջ են`քիչ է մնում իրար ուտեն:
-Ինչու ես գողացել,ստոր,հողոտ արարած,- դաշտամկան վրա կատաղած հարձակվում էր աղվեսը:
-Բա դու ինչու ես գողացել,-ծվծվում էր դաշտամուկը պաշտպանվելու փոխարեն թռչկոտելով այս ու այն կողմ:
-Ախ դուք անամոթներ,մի սրանց տեսեք,-գոռաց զայրացած արջը,-բանի տեղ չիմանաք:Դեռ ընկերներ էլ ձեզ համարում եք:Կորեք աչքիցս,ես էլ ձեր ընկերը չեմ,-ասաց արջն ու աչքի առաջը ջուր առած գնաց դեպի ընկերները:
Աղվեսը պուկ փախավ սարն ի վեր,ժայռն ի վար:Մտավ խոր ձոր,գտավ մութ անտառ,թաքնվեց –կորավ արջի աչքից:
Դաշտամուկը հենց արջի ու աղվեսի աչքի առաջ գետնի տակն անցավ:Այդ օրվանից աղվեսը զգուշանում է արջին տեսնելիս`նրա աչքին աշխատում է չերևալ:Դաշտամկան գործը դժվարացել էր`աղվեսը չէր էլ ուզում հիշել,որ ընկերներ են եղել:Նա որոշել էր դաշտամկան ցեղի վերջը տալ`հերթով բռնելով և ուտելով նրա բարեկամներին:Իբր թե`դաշտամկանը չէր կարողանում ներել,որ վատ ընկեր էր…
Հեղինակ` Հասմիկ Աջամյան