Լինում է, չի լինում, մի խիտ ու ու մութ անտառ է լինում: Կապիկների մի խումբ որոշում է գնալ այդ անտառ ու բնակություն հաստատել այնտեղ:
Բայց այդ ժամանակ ձմեռ է լինում, ու կապիկների համար շատ դժվար է դառնում գոյատեւելը: Հատկապես ծանր են անցնում ցուրտ գիշերները, երբ կենդանիները ստիպված են լինում մի հնար գտնել՝ ցրտից պաշտպանվելու համար: Եվ ահա որոշում են կրակ փնտրել: Վազվզում են ամբողջ անտառում, որպեսզի տեսնեն, թե ինչով կարող են ջերմանալ: Մեկ էլ նկատում են թռչող լուսատիտիկ ու կարծում են, թե կրակի կայծ է: Կապիկների խումբը սկսում է բղավել. «կրա~կ, կրա~կ, մենք գտանք այն»:
Կենդանիները փորձում են որսալ լուսատիտիկը, բայց այն փախչում է: Շատ են սրտնեղում, որ չեն կարողանում բռնել, իրենց պատկերացրած, կրակն ու սկսում են լաց լինել՝ ասելով, որ չեն դիմանա այս սաստիկ ցրտին: Հաջորդ օրը կապիկներն ավելի շատ լուսատիտիկներ են տեսնում, եւ վերջապես հաջողվում է մի քանիսին բռնել: Թռչող լուսատու միջատներին դնում են մի փոսի մեջ եւ սկսում փչել՝ առանց գիտակցելու, որ դրանք կրակի կայծեր չեն:
Այդ պահին ծառին մի բու է նստած լինում ու հետեւում է կապիկների վարքին: Երբ տեսնում է, որ կենդանիները շատ են չարչարվում, մոտենում է նրանց եւ ասում.
-Հե~յ, կապիկներ, դուք չեք կարող նրանցից կրակ ստանալ, քանի որ դրանք թռչող լուսատու միջատներ են:
Կապիկները ծիծաղում են բվիկի վրա եւ ասում.
-Հե~յ, բու, դու չգիտես, թե ինչպես են կրակ սարքում, այնպես որ մի խանգարիր մեզ:
Սակայն բուն շարունակում է հորդորել կապիկներին, որ լսեն իրեն եւ դադարեցնեն միջատների տանջանքը, քանի որ դա արդյունք չի տալու:
- Եթե չեք հավատում, որ դրանք միջատներ են եւ ոչ թե կայծեր, գոնե մյուս առաջարկս լսեք: Գնացեք, գիշերը պատսպարվեք մոտակա քարանձավում, իսկ առավոտյան կհամոզվեք, որ դրանք միջատներ են: Այդպես թե լուսատիտիկները կփրկվեն ձեզնից, թե դուք կփրկվեք սառնամանիքից:
Կապիկներից մի քանիսը լսում են բվին եւ պատսպարվում են քարանձավում, իսկ նրանք, ովքեր ավելի համառ էին, մնում են լուսատիտիկների մոտ եւ փչում մինչեւ առավոտ: Քարանձավում պատսպարված կապիկները հանգիստ քնում են ու չեն ցրտահարվում, իսկ համառներն առավոտյան չեն կարողանում տեղից շարժվել. Նրանք սառցակալել էին: Հենց լույսը բացվում է, լուսատիտիկների լույսն անհետանում է, եւ կապիկները համոզվում են, որ բվիկը ճիշտ էր: Կապիկները ներողություն են խնդրում անտառի հին բնակչից՝ բվիկից, որ չեն լսել նրան եւ միջատներից, որոնց այդքան տանջել են՝ կրակ ստանալու համար: